ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ և ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների և դրա մեթոդաբանության շուրջ:
Նշենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այսօր Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն այսօր նախանշված բանակցություններին չի ներկայացել։