ԶՈւ–ն մարտավարական գործողություններ է իրականացնում. Փաշինյանը` սահմանային իրավիճակի մասին

ՀՀ դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Sputnik

ՀՀ զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց Հայաստանի դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Այսօր կայացած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սահմանին տիրող իրադրությանը։

«Իրադրությունը կայուն է, բայց լարված, և մյուս կողմից պետք է ընդգծեմ՝ անընդունելի մեզ համար: Որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով`շարունակում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Փաշինյանն ընդգծել է` գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և շարունակում են աշխատել` դրանք գործարկելու ուղղությամբ: Բացի այդ, ըստ նրա, շարունակելու են աշխատանքը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, ինչպես նաև շարունակելու են դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ:

Թաթոյանը սահմանի հարցով հրատապ քննարկում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Ըստ վարչապետի պաշտոնակատարի` այս հարցում ՀՀ դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:

«Տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից»,–ասել է նա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։