Հորդորում եմ գործադրել բոլոր ջանքերը. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ–ին, ԶՈւ–ին և ԱԱԾ–ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների անվերապահ պատասխանատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը հատկապես անվտանգության ապահովման հարցերում: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հղած իր ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մայիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ ավելի քան ադրբեջանցի զինվորականներ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք` իրենց հետ բերելով կեղծ քարտեզներ։ Նրանք պնդում են, որ դրանք իրենց տարածքներն են։

«Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների»,–նշված է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ոչ պակաս կարևոր է դիվանագիտական աշխատանքը` Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են:

«Ադրբեջանցիները եկել են, անցել պաշտպանության և այդպես մնացել են». Սյունիքի մարզպետ

ՀՀ նախագահի խոսքով` պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:

«Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:
Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները»,–նշել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք, ընդգծել, որ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Այսօր` մայիսի 19–ին, ադրբեջանական կողմը չէր ներկայացել բանակցություններին։