Ալիկ Սարգսյանը կարողացել է լքել Հայաստանը. «Ժողովուրդ»

Ալիկ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի և հետագա բուժումը ստանալու համար պետք է մեկնի Ռուսաստանի Դաշնություն:

«Զվարթնոցում» բռնել են հետախուզման մեջ գտնվող նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին

ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է և թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, և նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: