Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին

Արցախի բնակիչների համար օգնություն են հավաքել ռուսական հասարակական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խնածախ և Պտրեցիկ հեռավոր բնակավայրեր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Նշվում է, որ օգնությունը տրամադրել են ռուսական հասարակական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները։

Մարդասիրական ակցիայի ընթացքում այդ բնակավայրերի բնակիչներին «Ռուսական հումանիտար առաքելություն», «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» («Спеши к добру») բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպա Վլադիսլավ Վիշեգորոդցևի խոսքով՝ յուրաքանչյուր մարդասիրական ակցիա պատրաստություն է պահանջում: Մարդասիրական ակցիայի նախօրեին մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները զանգահարում են բնակավայրերի ղեկավարներին` հստակեցնելով բազմազավակ ընտանիքների և փախստականների թիվը:

«Այստեղ երեխաներ կան, որոնք Հադրութից են եկել` այնտեղ թողնելով իրենց տունն ու ունեցածը։ Եթե պատերազմը չլիներ, երևի այդ խաղալիքները նրանց պետք չէին լինի։ Երբ նրանք վերցնում են խաղալիքները, ինձ թվում է` հիշում են տանը թողած իրենց խաղալիքները։ Ուրախությունից արտասվեցի՝ տեսնելով, թե ինչպես են մեր բարեկամներն օգնում մեզ», - մարդասիրական ակցիայի ընթացքում ասել է ուսուցչուհի Եվա Սարգսյանը։

Ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ ավելի քան 150 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Բացի առաջին անհրաժեշտության իրերից, փոխանցվել են առաջնային ախտորոշման սարքեր և մասնագիտական սարքավորումներ առողջապահական հաստատությունների համար:

«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են