ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մայիսի 17-ին ներկա է եղել Գյումրիում «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը բացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կենտրոնի բացման կապակցությամբ՝ կարևորելով որպես հարթակ՝ Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի դերը երիտասարդության, կրթության և պետական այլ ռազմավարությունների իրականացման համատեքստում։
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը թեև չէր մասնակցում միջոցառմանը, սակայն տեսաուղերձ էր հղել՝ նշելով. «Ընտանեկան կյանքը կարևոր է բոլորիս համար և հնարավորություն է տալիս միասին մնալու, ավելի լավ կյանք ապահովելու մեր երեխաների համար»։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արթուր Նաջարյանի խոսքով՝ կենտրոնը պետք է բացվեր դեռևս հոկտեմբերին, սակայն համավարակով և պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել էր:
Գյումրիում էլ է շարժական կայան գործում. քանի՞ մարդ է պատվաստվել Շիրակի մարզում
«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնների շահառուներ են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 18-40 տարեկան տղամարդիկ և կանայք, հայրիկներն ու մայրիկները: «Ընտանիքի անկյունը» նյութատեխնիկապես հագեցած և կահավորված տարածք է, որտեղ անցկացվում են դասընթացներ, հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ շահառուների համար՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։
Ռեսուրսային կենտրոնը նաև հարթակ է համայնքում գործող պետական և հասարակական կազմակերպությունների ոլորտային միջոցառումների անցկացման համար։