Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից մի քանի կրակոց է արձակվել հայաբնակ գյուղի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց համայնքի ղեկավարի տեղակալ Սևակ Խաչատրյանը:

«Կրակում էին գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից», - ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, գյուղացիները դեռ չեն գտել, թե որտեղ է դիպել գնդակը։

Կրակոցները հնչել են այսօր առավոտյան` ժամը 09: 00-10: 00-ի սահմանում։ Հնչել է մի քանի կրակոց: Այժմ գյուղում հարաբերական անդորր է, բայց իրավիճակը շարունակում է մտահոգել թաղավարդցիներին։

«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

Նշենք, որ գրեթե միաժամանակ հարակից Կարմիր շուկա գյուղի տարածքում արձանագրվել է դեպի Շուշի հիմնական ճանապարհով ադրբեջանական բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյան շարժ։ Գյուղացիներին անհանգստացրել է ադրբեջանական ավտոմեքենաների անցումը իրենց գյուղի տարածքով։ Նրանք այդ խնդրով դիմել են ռուս խաղաղապահներին։

Ինչպես Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը, լարվածության պատճառը բացառապես ադրբեջանցիների պահվածքն է։

«Մենք խոսեցինք խաղաղապահների հետ, որ նրանք ևս մեկ անգամ զգուշացնեն ադրբեջանցիներին՝ մի փոքր զսպեն նրանց, որ հանգիստ անցնեն: Օրինակ` չնկարեն», - ասաց Աթայանը:

Ավելի վաղ արդեն գրել էինք, որ ադրբեջանական շարասյուների տեղաշարժը լարվածություն է ստեղծում Կարմիր շուկա և Շոշ գյուղերի բնակիչների շրջանում: Նկարահանված տեսանյութերում երևում է, որ ադրբեջանցիները գյուղով անցնելիս ոչ միայն նկարահանում են իրենց անցումը գյուղով, այլև վիրավորական արտահայտություններ բղավում հայերի հասցեին։