ՌԱԴԻՈ

Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզի սահմանին առկա լարվածությանը և նշել, թե ինչպես կարող է այդ իրավիճակը նախընտրական շրջանում ազդել ներքաղաքական գործընթացների վրա։
Sputnik
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, որոնք ի հեճուկս կիսապաշտոնական, նույնիսկ պաշտոնական խողովակներով տրվող տեղեկատվության, դեռևս չեն հանգուցալուծվել և այդ թեման քարոզչության առումով այնքան էլ ձեռտու չէ գործող իշխանությանը, առավել ևս որ բավական ժամանակ է անցել այն պահից, երբ ադրբեջանական ռազմական կոնտինգենտն արդեն իսկ պետք է լքած լիներ Հայաստանի տարածքը։

«Այդուհանդերձ տեսնում ենք, որ առանձնապես ոչ մի հստակ ինֆորմացիա չկա և միայն ունենք Անվտանգության խորհրդի` որևէ նյութ չպարունակող տեղեկատվությունը, ինչը վկայում է, որ համենայնդեպս հայկական կողմի, մասնավորապես մեր իշխանության համար բանակցությունների ընթացքն այնքան էլ բարենպաստ չէ` հաշվի առնելով նաև այն, թե ճշմարտախոսության ինչ տոկոս է պարունակում պաշտոնական ինֆորմացիան»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով

Հակոբյանը շեշտեց, որ ավելի շատ վստահում է կիսապաշտոնական աղբյուրներին, տեղից ստացվող տեղեկություններին և միջազգային լրատվամիջոցների լուրերին, քան հայաստանյան այսպես կոչված պաշտոնական, բայց սուտ տեղեկատվությանը։ Նա հիշեցրեց, որ ստահոդ ինֆորմացիան առկա էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ պետական քարոզչամեքենան տապալվում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում` ցույց տալով իր ոչ պրոֆեսիոնալիզմն ու անկարողությունը։      

«Սյունիքում առկա կիրավիճակն իհարկե ազդելու է նախընտրական տրամադրությունների վրա։ Իշխանության դժբախտությունն արտահայտվելու է նրանում, որ անկախ ցանկացած ելքից` իշխանությունն արդեն իսկ ցույց է տվել իր անկարողությունը։ Այն ինչ տեղի է ունենում սյունիքյան գործընթացների ֆոնին, ցույց է տալիս, որ այսօր ապրում ենք մի տարածքում, որն ընդամենը իր կարգավիճակով պահպանել է պետականության մնացորդները»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի հավաստմամբ` իշխանությունը փորձելու է ներակայացնել իր այլընտրանքային ճշմարտությունը, իսկ ընդդիմությունը օգտվելու է իրական ինֆորմացիայից` ցույց տալով, որ գործող իշխանության պարագայում ունենալու ենք միայն կորուստներ։ 

Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն մայիսի 19–ին։