Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել է Ղրղզստանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանը կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Տեղեկությունը հայտնում են կառավորության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

«Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն վաղը։