Կանգնեցրեք «լուռ մարդասպանին»․ Հայաստանում մահերի 50%-ի պատճառը սրտի հիվանդություններն են

Մասնագետների նպատակն է նվազեցնել մահացության ցուցանիշը, հատկապես երիտասարդների շրջանում։ Լրջագույն ռիսկի գործոն է զարկերակային գերճնշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Ինչպես գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում գերակշռում են սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերը։

Որոնք են սրտանոթային հիվանդությունների քիչ հայտնի ախտանշանները. մասնագետի խորհուրդները

Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ցուցանիշը 50 տոկոսից բարձր է։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում բնակչության 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում, ինչը լրջագույն ռիսկի գործոն է։ Հենց զարկերակային գերճնշումով են պայմանավորված սրտանոթային ընդհանուր մահացությունները։

Զելվեյանի խոսքով՝ զարկերակային գերճնշում ունեցողների 73% -ը տեղյակ է դրա մասին, 68% -ը բուժում է անցնում: Բուժում ստացողների գրեթե 40% -ը հասել է նպատակին՝ 140/90 մմ-ից ցածր։

Մասնագետը վստահ է, եթե կարողանան ճիշտ ժամանակին կանխարգելել և հսկել զարկերակային գերճնշումը, կունենան սրտանոթային պատահարների և բարդությունների նվազեցում:

Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր

«Դրան «լուռ մարդասպան» են կոչում, քանի որ զարկերակային գերճնշման պարագայում յուրաքանչյուր 10 միլիմետրի բարձրացումը կրկնապատկում է սրտանոթային պատահարների քանակը»,- նշեց նա:

Զարկերակային գերճնշումը վերահսկելու և բուժելու համար 42% -ը օրական օգտագործում է մեկ դեղահաբ, 35% -ը՝ 2 դեղահաբ, 22% -ը` 3 դեղահաբ:

Միևնույն ժամանակ, վերջին տվյալների համաձայն, հիվանդության երիտասարդացում չկա: Ախտանիշները հիմնականում հայտնվում են 35 տարեկանից հետո: 50 տարեկանից բարձր տարիքային խմբում յուրաքանչյուր երրորդը տառապում է արյան բարձր ճնշմամբ, 60 տարեկան հասակում ՝ երկուսից մեկը:

Գիտնականները սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու ելք են գտել

Զելվեյանը նշեց, որ «դարի մարդասպանին» կանգնեցնելու համար որոշակի ծրագրեր են մշակվել։ Օրինակ` այս ամռանը կիրականացվի սքրինինգային ծրագիր բնակչության շրջանում զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Հայ բժիշկները պատրաստվում են տեղի բնակչությանը ապացուցել, որ այս հիվանդությունը, չնայած վտանգավոր է, բայց դատավճիռ չէ։

Սրտաբանը նշում է՝ այս հիվանդության դեպքում գրագետ բուժում է պետք, միայն դեղահաբով հարցը չի լուծվի, պետք է բժշկի հետ շփման մեջ լինել, այլապես կարող է գա մի փուլ, որ դեղամիջոցն այլևս չօգնի:

Բժիշկը խորհուրդ է տալիս ֆիզիկական ակտիվ կյանք վարել, նվազեցնել սննդակարգում աղի, ճարպերի, քաղցրի, ալկոհոլի օգտագործումը, բացառել ծխախոտը, ուշադրություն դարձնել հոգեկան հանգստությանը, ուշադիր լինել առողջության հանդեպ, գանգատների դեպքում էլ անմիջապես բժշկի դիմել։