ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ` 23 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները դրսևորել են խաղամոլի վարքագիծ՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել`այդ պատճառով կորցնելով արդեն իսկ շահածը։
Նրա խոսքով` Հայաստանը չի պարտվել Ադրբեջանին, այլ ինքն իրեն է պարտվել` վերջին 23 տարիների ընթացքում երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։
«Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին՝ այդ իշխանությունների կողմից դրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարել է Փաշինյանի` Արցախը Հայաստան է և վերջ սադրիչ հայտարարությամբ, և ինչը եղավ Հայաստանի վերջը՝ Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը։ Այսինքն` այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բան է, որը մեր իշխանությունները չեն հասկացել, սա պարզագույն քաղաքականության այբուբենն է»,–ասաց նա։
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իր առաջարկին` երեք նախկին նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցելուն: «Ես իմ առաջարկի հրապարակված տեքստերում տվել եմ անգամ այդ հանրույթի բանալին. այն է` մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Լուծում էի երկու հարցն էլ», – ասաց առաջին նախագահը:
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Հիշեցնենք, որ մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։
Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։