Առաջիկա ժամերին ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի տարածքից. աղբյուր

Գեներալ Ռուսամ Մուրադովի գլխավորությամբ ընթացող բանակցություններն ավարտվել են։ Արդյունքներն արդեն հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի –Sputnik. Առաջիկա ժամերի ընթացքում ադրբեջանական կողմը կսկսի հանել իր զորքը Սյունիքի սահմանային` Սև լճի տարածքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրադարձությունենրին մոտ կանգնած մեր աղբյուրը։

Արմեն Գրիգորյանը առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԽՔ–ների կոմիտեի արտահերթ նիստ

«Բանակցություններն արդեն ավարտվել են, շուտով Ադրբեջանի ԶՈւ–ն դուրս կբերվի Սև լճի տարածքից»,–ասաց մեր աղբյուրը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ևս հաստատել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ մինչ այս պահը այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։