Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը

Զուրաբյանի խոսքով` 2008 - ին Նիկոլ Փաշինյանը կիսում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին, հայտնվելով խորհրդարանում, նա կուսակցության հետ խզել է բոլոր կապերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ընթացող ՀԱԿ համագումարում  մեկնաբանել է շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը, և որ նա նրա հոգեզավակն է` այդ մասին լուրերը որակելով ցնդաբանություն:

Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու է մերժել Լևոն Տեր–Պետրոսյանին

Զուրաբյանի խոսքով` այդ խոսակցությունները խորը արմատներ են թողել հայաստանյան քաղաքական դաշտում։

«Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձել էր կանխել։ Փաշինյանն իրականացրել է «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող։ Այդ հողը նրանից ու մեզնից գրավեցին ուժով, մեր հազարավոր զինվորների կյանքի գնով։

Զուրաբյանի խոսքով` քանի որ նա իրականացրեց «ոչմիթիզականների»  պլանը, ճիշտ կլիներ նրան համարել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի, «Սասնա ծռերի» հոգեզավակը։

Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»

Նա նաև նշել է, որ 2008-ին այսօրվա վարչապետի պաշտոնակատարը կիսում էր Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին, հայտնվելով խորհրդարանում, Փաշինյանը խզեց բոլոր կապերը կուսակցության հետ։ Իսկ 2015-ից նա բացահայտորեն սկսեց քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին ՝ հավատարիմ մնալով «ոչ մի թիզ հող» գաղափարի հետևորդների դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման` Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը նախատեսում էր կարգավիճակի դիմաց տարածքների փուլային հանձնում։