ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցությունները մեկնարկել են նախապես հայտարարված ժամին` ժամը 14։00–ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս խոշորոցված համայնքի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։
«Հայկական կողմից բանակցություններին մասնակցում են Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։ Բանակցությունները ղեկավարում է Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
Հովսեփյանի խոսքով` իրադրությունը երեկվա համեմատ չի փոխվել, հակառակորդի կողմից առաջխաղացում չի նկատվել։ Այս պահին բանակցություններն ընթացքի մեջ են, արդյունքների մասին հաջորդիվ կհաղորդվի։
Նշենք, որ ՀՀ ՊՆ–ն այսօր առավոտյան հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։
Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։