Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի սահմաններում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Բաքուն կարծում է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի հարցով Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է, և որ նման քայլով Հայաստանի իշխանությունները փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ հեռախոսազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի Ագ նախարար Ջեյհուն Բայրամովը` տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ–ից համարժեք արձագանք ենք ակնկալում. Արմեն Գրիգորյանը` Տաջիկստանի ԱԽ քարտուղարին

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կեսօրին արդեն իսկ պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Բայրամովը հայտնել է, որ ադրբեջանցի սահմանապահները «գտնվում են իրենց երկրի սահմաններում, և այս գործընթացն ընթանում է բնականոն հունով»։

Նրա խոսքով` Երևանը նախկինում էլ էր դժգոհությունն արտահայտում, երբ ադրբեջանական կողմն ուժեղացնում էր սահմանային հսկողությունը, սակայն այդ հարցերը լուծվում էին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կողմերի միջոցով։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։