Երևանի Նար–Դոսի փողոցում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա բնակիչը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Վրաերթ Նոր Նորքում․ 56-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ավտոմեքենայի ապակու բեկորներ և փամփուշտի գնդակ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև մայիսի 8-ին, մեկ մարդ մահացել էր, մեկը` վիրավորվել։