Իրավիճակից խաղաղ դուրս գալու հնարավորություններ դեռ կան. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նշել է, որ եթե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների շուրջ բանակցություններն արդյունք չտան՝ այն կվերաճի ռազմական կոնֆլիկտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Երկիրը հայտնվել է ճգնաժամի մեջ, որից դուրս գալու լուծման ճանապարհները շատ չեն։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատրաստ ենք նաև այլ սցենարների. Ռուբինյանը` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

«Իրավիճակից խաղաղ դուրս գալու հնարավորություններ դեռ կան թե՛ ՀԱՊԿ կառույցի շրջանակում, թե՛ միջազգային գործընկերների միջոցով ճնշումն ավելացնելու առումով, բայց, եթե բանակցություններն արդյունք չտան, բնականաբար այն վերաճելու է ռազմական կոնֆլիկտի, ուժի կիրառման, ուրիշ ելք չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա խոսքով` սա ոչ ինչ-որ քարտեզների, ոչ էլ Խծաբերդի պատմությունը չէ, այն տարբերվում է մինչ այս եղած իրավիճակներից, ինչ արդեն իսկ ամրագրվել է Հայաստանի միջազգային գործընկերների կողմից`Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և այդ սպառնալիքը պետք է վերացնել։

«Ադրբեջանական կողմը մի քայլ է արել, հիմա չգիտի` ինչպես հետ գնա։ Ավելի լավ է ասեն` խառնել են քարտեզները ու հետ գնան, որովհետև ակնհայտ բոլորի ազդակը նույնն է, որ ադրբեջանցիները խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշեց Մարուքյանը։

Հայաստանը կասեցնելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱԺ–ն հայտարարություն ընդունեց

Խմբակցության ղեկավարի կարծիքով քանի դեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էյֆորիայի մեջ ընկած կարծում է, թե ինքը մարսել է Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով կարող է դատապարտվել և մեկը մյուսի հետևից սխալներ թույլ տալ ու չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերը`հայկական կողմը պետք է փորձի օգուտ քաղել դրանից և պատժել Բաքվի բռնապետին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, կամ հայրենիքի վտանգի դեպքում պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։