Գյումրիում գործող գազալցակայանը 37 միլիոնից ավելի վնաս է պատճառել պետությանը

Կազմակերպության տնօրենին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները:  Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաև անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Դադարեցվել է իմ հրամանով. ՊԵԿ նախագահը` Մեղրիի մաքսային պահեստում եղած խախտումների մասին

Կազմակերպությունը դեռևս 2019թ.-ին ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ: Սակայն հակառակ սնանկության գործերով կառավարչի օրինական պահանջների, ընկերությունը շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ՝ Գյումրիում զբաղվելով գազալցավորման ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Արդյունքում՝ 2020թ.-ին կազմակերպության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու: Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ:

ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել

Տնտեսվարող սուբյեկտի հակաօրինական գործունեությունը կանխելու, այդ ընթացքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել գազալցակայանի բաշխիչ աշտարակները: Ապամոնտաժել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ և տեղափոխվել այլ տարածք:

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները տնտեսվարող սուբյեկտի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ: