ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 14-ին, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Այսպիսով, փաստորեն դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողեց անփոփոխ։ Նշենք, որ խափանման այս միջոցի կիրառումը մեղադրյալին արգելում է հատել երկրի սահմանները։
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։
Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Սերժ Սարգսյանին թիկնազորի նախկին պետի նկատմամբ համաներում է կիրառվել