Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

«Հավասարություն բոլորի համար» ծրագիրը հնարավորություն կտա Վանաձորում ապրող հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հարմարեցնել քաղաքը նաև իրենց հնարավորություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներն այսուհետ իրենց ակտիվ մասնակցությունը կունենան համայնքային կյանքին։ «Հավասարություն բոլորի համար» ծրագրի միջոցով երիտասարդները փորձելու են Վանաձորն ավելի հարմարեցված դարձնել։  Ծրագրի ղեկավար Մադլեն Մինասյանը, ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը և ծրագրի մասնակից Օֆելյա Վիրաբյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել են այս նախաձեռնության մանրամասները։

Որ թատրոն գնալը երազանք չմնա. ի՞նչ է արվում Վանաձորում հաշմանդամություն ունեցողների համար

21–ամյա Մադլենը մեծ երազանքներ ունեցող ակտիվ երիտասարդ է։ Նա սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում։ Այս 4 տարիներին, աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների հետ որպես լոգոպեդ, հստակ որոշել է պայքարել նրանց իրավունքների համար։

«Ես ծնունդով Վանաձորից եմ ու որոշեցի հենց իմ քաղաքում այսպիսի ծրագիր իրականացնել։ Հաշմանդամություն ունեցող անձինք կան, որ երբևէ չեն եղել թատրոններում,  թանգարաններում, պատճառն իհարկե մեկն է. շենքերից շատերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս ծրագրով մենք փորձելու ենք հետազոտել այդ շենքերի մատչելիությունը, որպեսզի երիտասարդներին տանք այդ շինություններն այցելելու հնարավորություն»,–ասաց նա։

Մադլենը վստահ է, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ ներգրավված լինելով համայնքային կյանքում կարող է ապրել լիարժեք և երջանիկ կյանքով։

Հայաստանում հաշմանդամությունը կորոշեն նոր սկզբունքով․ Ստեփանյանը` բարեփոխումների մասին

Ծրագիրը կազմված է 3 փուլից։ Ապրիլի 17-ին մեկնարկել է  ծրագրի առաջին փուլը, որը իր մեջ ներառում էր երկօրյա դասընթացներ «ՏԻՄ կառուցվածք և գործունեություն» և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» թեմաններով։

«Մայիսին սկսվեց ծրագրի երկրորդ փուլը, որը ընդգրկում է այցելություններ համայնքապատկան կառույցներ, օրինակ` թանգարաններ, թատրոններ, գրադարաններ և այլն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ շինությունը որքանով է հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար։ Այնուհետև բոլոր տվյալները հավաքագրելուց հետո պատրաստելու ենք քաղաքի քարտեզ, որտեղ կոնկրետ կետերով նշելու ենք, թե Վանաձորում որ կառույցներն են հարմարեցված, որոնք` չէ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը, եթե ցանկանում է գնալ  x վայրը, բացի այդ քարտեզն ու տեսնի, թե այն որքանով է հարմարեցված»,– ասաց Մադլենը։

Նրա խոսքով` երրորդ փուլում հանդիպում կունենան Վանաձորի համայնքի ղեկավարի հետ և հանդես կգան առաջարկությունների փաթեթով, քանի որ չեն ուզում բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ, այլ փորձելու են դրանց լուծումներ տալ` համայնքի ավագանու աջակցությամբ։

«Ակնկալում ենք, որ համայնքապետարանում շահագրգռված կլինեն, քանի որ հենց իրենց շահերից է բխում, որ բոլոր բնակիչներն ակտիվ մասնակցեն համայնքի զարգացման գործին»,–ասաց նա։

Ծրագրի համակարգող Նարե Կոստանդյանը նշում է, որ ծրագրից սպասումները  շատ մեծ են, ոգևորված են, ու դա է պատճառը, որ առաջացած դժվարությունները հեշտությամբ են  հաղթահարում։

Քանի մարդու է պատերազմից հետո հաշմանդամության կարգ տրամադրվել. նախարարը թվեր հրապարակեց

«Ամենամեծ դժվարությունը մասնակիցների հավաքագրումն էր։ Շատ դժվար էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների վստահությունը շահել։ Բայց մեզ մոտ ստացվեց ու կարողացանք 18 հոգու ներգրավել ծրագրում ու աշխատանքներ տանել»,–ասաց Նարեն։

Ֆունկցիոնալության գնահատում. կառավարությունն առաջարկում է վերացնել հաշմանդամության կարգերը

21–ամյա Օֆելյա Վիրաբյանը, որը  հոգեբանություն է ուսումնասիրում  Վանաձորի պետական համալսարանում, մեծ ուրախությամբ է ընդունել ծրագրին մասնակցելու առաջարկը։

«Հենց սկզբից վստահ էի, որ այս ծրագիրն իր դրական հետքը կթողնի իմ կյանքում։ Ամեն օր ավելի մեծ հետաքրքրությամբ ենք  առաջ շարժվում ու սպասում հաջորդ օրվան։ Կուզեի, որ նման ծրագրերը շարունակական լինեն ու օգնեն մեզ լիարժեք ներառվել հասարակության մեջ»,–ասում է Օֆելյան։

Ծրագրի կազմակերպիչները շեշտում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում շատ բացեր կան, պետք է շատ աշխատել դրանց ուղղությամբ։

«Էլ ով պետք է փակի այդ բացերը, եթե ոչ ես ու իմ նման ակտիվ երիտասարդները, ովքեր կարող են ձեռնամուխ լինել նման ծրագրերի իրականացմանը»,– եզրափակում է Մադլենը։

Հավելենք, որ «Հավասարություն բոլորի համար» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի աջակցությամբ։