ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik, ՆԵլլի Դանիելյան. Երևանյան փողոցներից վաղ առավոտից անհետացած ավտոբուսները կեսօրից հետո վերադարձան երթուղի, չվերադարձավ թերևս միայն երևանցիների վստահությունը, որ վաղը դարձյալ նույն իրավիճակին չեն առնչվի։ Այս մտավախությունն ի դեպ, այնքան էլ անհիմն չէ, քանի որ, ինչպես պարզվում է, խնդիրը վառելիքի մատակարարի ու քաղաքային իշխանությունների միջև շարունակում է մնալ չլուծված։
Այսօր առավոտյան բազմաթիվ երևանցիներ մնացին տրանսպորտային կանգառներում` իրենց ավտոբուսներին անհույս սպասելով։ Պարզվեց, որ այսօր երթուղի են դուրս եկել միայն մասնավոր երթուղայինները, որոնք հիմնականում աշխատում են գազով, իսկ դիզվառելիքով աշխատող համայնքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները նույնիսկ ավտոպարկից դուրս չէին եկել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատճառը վառելիքն է, ավելի ճիշտ դրա բացակայությունը։ Պարզվեց, որ քաղաքային ավտոբուսներին դիզվառելիք մատակարարող CPS ընկերությունը պայմանագրով նախատեսված մատակարարումը ժամանակին չի կատարել։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ խնդիրը մեկ օրվա մեջ չի ծագել։
«Մատակարարի հետ անհարթություններ, քննարկումներ կան, գործընթաց է եղել, որը հանգեցրել է այս վիճակին»,– ասաց նա։
CPS-ում «անհարթությունների» ու «քննարկումների» գոյությունը չեն հերքում, բայց վստահեցնում են, որ այսօրվա վառելիքի ուշացումը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Պատճառը, ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ընկերության գրասենյակից, բացառապես տեխնիկական է եղել. վառելիք մատակարարող ավտոմեքենան նախատեսված ժամին վառելիքը տեղ չի հասցրել։
«Հասել է կես ճանապարհին` Երևանյան լճի մոտ, փչացել է, մինչև այդ մեքենան էվակուցարել են, բերել են հետ, ուրիշ մեքենա են բարձել, գնացել հասել է տեղ, եղել է ժամը 10-11-ը»,– ասացին CPS–ից։
Ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանը գումար չտրամադրեց Ջազի միջազգային 10-րդ փառատոնի համար
Իսկ վարորդների ու քաղաքային իշխանությունների բարձրացրած աղմուկն ընկերությունում արհեստական ու ձևական են համարում` վստահեցնելով, որ մատակարարման ուշացմամբ բողոքի ակցիա չեն արել։ «Մենք ակցիա անելու որևէ ցանկություն չունենք»,– վստահեցնում են CPS-ում։
Թե ինչ խնդիրներ են ծագել քաղաքապետարանի ու CPS–ի միջև, Երևանի քաղաքապետարանում չեն ցանկանում մանրամասնել, փոխարենը դա անում է CPS–ը։ Ընկերության գրասենյակից մեզ հայտնեցին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն իրենց գումար է պարտք։
«Մենք վառելիք ենք տալիս, իրենք արդեն երկու ամիս է` չեն վճարվում։ Ու ոչ միայն չեն վճարում, այլև չեն ընդունում իրենց պարտքերը»,– հայտնեցին CPS-ից։
Վառելիք մատակարարող կողմի հաշվարկով «Երևան ավտոբուսը» ներկա պահին իրենց 75 մլն դրամ գումար է պարտք, ու այդ պարտքի մասին փոխադարձ ակտը չի ստորագրում։
Ընդ որում, մինչ այդ պարտքը 190 մլն դրամ է եղել, որից 120 մլն–ը «Երևան ավտոբուսն» այսօր է վճարել, բայց մնացած 75-ը չի ընդունում։
Թե պարտքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի «Երևան ավտոբուսը», մեզ պարզել չհաջողվեց։ Ընկերությունում հրաժարվեցին մեկնաբանություն տալ։
Թե ինչով կավարտվի երկու ընկերությունների միջև ծագած ֆինանսական վեճը, կողմերը դժվարանում են կանխատեսել` հույս հայտնելով, որ գործը դատարան չի հասնի։
Ի դեպ, «Երևան ավտոբուսի» ու CPS-ի միջև կնքված պայմանագրով մատակարարն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե գնորդը բազմիցս խախտում է վճարման ժամկետները։
Նշենք, որ 2020թ–ի դեկտեմբերի 15-ին կնքած պայմանագրով CPS-ը քաղաքային տրանսպորտի ամբողջ տարվա վառելիքը պարտավորվել է մատակարարել 770 500 120 դրամով` դիզվառելիքի 1 լիտրի գինը հաշվարկելով 233 դրամ, բենզինինը` 280։
Ընդ որում, այդ 770.5 մլն դրամը ներառում է Երևանի քաղաքային բոլոր ծառայությունների վառելիքի ծախսերը, ներառյալ` «Երևանի աղբահանության», «Շտապբուժօգնության», Երևանի վարչական շրջանների ու այլ հիմնարկ-ձեռնարկությունների ծախսերը։ Իսկ «Երևան ավտոբուսի» մասնաբաժինը պայմանագրում կազմում է 1 682 800 դրամի բենզին և 321 540 000 դրամի դիզվառելիք։