ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ գերիների վերադարձման հարցն այս պահին ականապատ տարածքների քարտեզն Ադրբեջանին տալու հետ կապ չունի։ Քոչարյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը կհամաձայնվի հայ գերիներին փոխանցել, երբ ականապատ տարածքների քարտեզները փոխանցենք նրանց։
«Ականապատված տարածքների քարտեզներ մենք էլ ունենք, Ադրբեջանն էլ ունի։ Ավելին, առաջին պատերազմից հետո ունենք ականապատումներ, որոնք քարտեզագրված չեն։ Կարծում եմ` կարելի է այդ քարտեզը տալ, եթե կարող է մեր գերիներից մեկի կյանքը դա փրկել, սակայն քարտեզների մեջ չէ խնդիրը»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` եթե Ադրբեջանը սկզբում նման պահանջ էր դրել, ապա հետո փոշմանեց` որոշելով գերիներին չվերադարձնել և Հայաստանին մշտապես ճնշումների տակ պահել այս հարցով։ Քոչարյանը նշեց` եթե ՀՀ իշխանությունները կարող են քարտեզի միջոցով գոնե մեկ գերու կյանք փրկել, ապա չեն զլանա այն փոխանցել։
Անկախ այս ամենից, ըստ Քոչարյանի, գերիների խնդիրը պետք է լուծվի։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր` գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների։
Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի գյուղատնտեսական տարածքները