Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

​Եկեք անկեղծ լինենք։ Եթե մի քանի օր առաջ Լոնդոնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեր Բաքվում ծնված Քամրան Բալաևը, ադրբեջանցիները հիմք կունենային հպարտությամբ հայտարարելու՝ անցած մեկ տարին մեր տարին էր։
Sputnik
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

Մանավանդ, որ ամռանը կայանալիք Պուտին-Բայդեն հանդիպման հնարավոր վայրերի թվում որոշ աղբյուրներ նշում են Բաքուն։ Սակայն Քեմբրիջն ավարտած Բալաևը, որը հավակնում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնին, ի վերջո, իհարկե, զբաղեցրեց երրորդ տեղը, բայց երրորդ տեղը վերջից՝  20 թեկնածուների մեջ։ Իսկ Լոնդոնի քաղաքապետ վերընտրվեց Սադիկ խանը, որը մայրաքաղաքը գլխավորում է 2016 թվականից և կպաշտոնավարի մինչև 2024 թվականը։ Ինչո՞ւ 4-ի փոխարեն ընդամենը 3 տարի։

Պառլամենտական վարչապետի զարմանահրաշ կյանքը. հրաժարական ես տալիս ու շրջանցում մայր օրենքը

Դե, որովհետև, իրականում քաղաքապետի ընտրությունները պիտի կայանային անցած տարի, բայց հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով։ Համաձայնե′ք` սա արդեն արտառոց է. Օսկարների հանձնումը հետաձգեցին մի քանի ամսով` հասկացանք, Օլիմպիադան անցած տարի չանցկացրեցին ու մինչև հիմա էլ որոշ կասկածներ կան` էլի հասկացանք, բայց ընտրություն հետաձգել մի քաղաքում, որն իր բնակչության թվով երեք անգամ մեծ է Հայաստանից

​Սակայն եթե խոսում ենք ոչ կոնվենցիոնալ փաստերի մասին, արձանագրենք նաև, որ Սադիկ Խանը պակիստանցի է, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում առաջին մահմեդականը, և որ մեզ համար ամենազարմանալին է՝ բոլորովին չի ներկայացնում իշխող մեծամասնությունը. ինչպես գիտեք` Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ կազմավորել են պահպանողականները, այնինչ Սադիկ Խանը դեռ 15 տարեկան հասակում, այսինքն՝ դպրոցում, համալրել է լեյբորիստների շարքերը։

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ առաջիկա ընտրություններում հաղթեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թիմը, իսկ Երևանի քաղաքապետ մնար նախկինում հայտնի դերասանը, որը բոլորովին այլ քաղաքական ուժի աջակիցն է։  

Ես անձամբ լավ էլ պատկերացնում եմ, ավելի′ն։ Նման դասավորությունը շատ շահեկան է։ Արդեն երևի երրորդ դասարանցին էլ գիտի, թե որն է մեր ներկա իշխանությունների ամենասիրած արտահայտությունը։ Այո′, շատ ճիշտ եք. «Նախկիններն են մեղավոր»։ Պատերազմը տանուլ տվեցինք՝ նախկիններն են մեղավոր, պետական պարտքը հսկայական է՝ նախկիններն են մեղավոր, արտագա՞ղթ. բա իհարկե` միայն ու միայն նախկիններն են մեղավոր։ Դուք կզարմանաք, բայց Սադիկ խանի կողմնակիցները ճիշտ նույնկերպ էին պատասխանում ընտրարշավի ժամանակ նրա հասցեին հնչող քննադատությանը։ Միայն թե «Նախկիններն են մեղավոր»-ի փոխարեն ասում էին. «Կառավարությունն է մեղավոր»։

Մի հրաժարականի պատմություն, կամ պատիվը կյանքից թանկ է

Համաձայնեք՝ միանգամայն տրամաբանական է՝ եթե դու լեյբորիստ քաղաքապետ ես, շատ հեշտ է ամեն ինչ բարդել պահպանողական կառավարության վրա։ Միայն մի օրինակ բերեմ։ Երբ Սադիկ խանին քննադատում էին` ախր ձեր պաշտոնավարման ժամանակ Լոնդոնում կտրուկ աճել է հանցագործությունների թիվը, նա շատ հանգիստ պատասխանում էր.

«Բա ի՞նչ եք ուզում՝ պահպանողականների կառավարությունը բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար խիստ կրճատել է ոստիկանության ֆինանսավորումը, էլ ինչո՞ւ եք զարմանում, որ հանցագործները սկսել են իրենց ավելի ապահով զգալ։ Հո ես չե՞մ մեղավորը»։

Եվ քանի որ մոտ 40 օրից մեզ արտահերթ ընտրություններ են սպասում, մի երկու խոսք՝ կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ անցկացնելու բրիտանական փորձի մասին։

3 տարի առաջ ճիշտ էր այն, ինչը 3 տարի հետո ճիշտ չէ, կամ ինչպես շահել ընտրողների սրտերը​

Բոլոր ընտրատեղամասերում տեղական ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներից մեկուսացված էին թափանցիկ նյութից պատրաստված արգելապատնեշով։ Ընտրողների հոսքն այնպես էր կազմակերպված, որպեսզի մտնողները և դուրս եկողները տարբեր դռներից օգտվեին ու չշփվեին միմյանց հետ։ Դիմակը բոլորի համար պարտադիր էր։ Քվեարկությունից առաջ ընտրողներին նաև հորդորել էին գալ իրենց սեփական գրիչով կամ մատիտով։

Մեծ Թուրանի հավաք էր. Էրդողանի` քարտեզը վերաձևելու քայլերը և ՀՀ իշխանություններ «սիրախաղը»

Բայց նկատե′ք` 9-միլիոնանոց Լոնդոնում որևէ մեկն այդպես էլ չբողոքեց, թե իրեն թույլ չտվեցին քվեարկել այն պատճառով, որ տանն էր մոռացել դիմակը կամ գրիչը։ Էդպիսի դեպք պարզապես չի եղել, որովհետև իշխանության որդեգրած հիմնական  սկզբունքը սա էր՝ ընտրելու սահմանադրական իրավունքը վեր է ամեն ինչից։ Եվ սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան կանոնակարգված սահմանադրություն էլ չունի։

Բայց ամենահետաքրքիրը։ Թեև քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ գոյություն չունի, յուրաքանչյուր ընտրող, ընդամենը մեկ անգամ գնալով ընտրատեղամաս, կարող է երկու ընտրություն կատարել։ Այո-այո, դուք ընտրում եք ձեր նախընտրածին, նրա անվան դիմաց «ծիտիկ» եք դնում, հետո էլ մեկ այլ «ծիտիկով» նշում եք ձեր երկրորդ նախընտրածին։ Սկզբից առաջինի ձայներն են հաշվում՝ եթե 50 տոկոսից ավելի չեղավ, սկսում են հաշվել երկրորդի օգտին տրված քվեները։ Ափսոս, Լոնդոնում չենք ապրում, թե չէ՝ մի շատ կառուցողական առաջարկ կանեի բոլոր նրանց, ովքեր հիմա ասում են՝ չգիտեմ էլ, թե ում ընտրեմ հունիսի 20-ին։

Չգիտեմ ում ընտրել, բայց հաստատ գիտեմ՝ ում չպետք է ընտրել

Ելք կա՝ ձեր մի ձայնը նվիրեք իշխանության ներկայացուցչին, երկրորդ ձայնն էլ՝ ընդդիմությանը։ Ու երբ հերթական անգամ մեղադրանք կլսեք՝ դուք եք մեղավոր, որ իշխանության բերեցիք այս մարդկանց, կարող եք շատ հանգիստ արդարանալ՝ ես բոլորի օգտին էլ քվեարկել եմ։