ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․Հայաստանում անցկացվելու են ազատ, արդար, թափանցիկ, օրինակարգ ընտրություններ։ ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում որպես խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար խոստացավ Լիլիթ Մակունցը։
Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այս ընթացքում իրենց սատարելու, անհրաժեշտության դեպքում էլ քննադատելու, սխալները մատնանշելու համար։
«Որտեղ պետք է, քննադատել եք, որտեղ պետք է՝ սատարել, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները։ Հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին, որ եթե ուղղեք, մենք կուղղվենք»,- նշեց Մակունցը։
Նա ընդգծեց, որ ժողովրդից ստացած իշխանությունն այսօր իրենք ժողովրդին են վերադարձնում։ Խոստացավ՝ ընտրություններն ազատ ու արդար են լինելու, ժողովրդի կամքի ոտնահարման ցանկացած փորձ ու դրսևորում ընտրությունների ընթացքում արժանանալու է ամենախիստ համարժեք արձագանքի։
«Այո, գուցե սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում, ինչպես բոլոր իշխանությունները: Դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որը մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից։ Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում»,- հայտարարեց Մակունցը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը համատեղ աշխատանքի համար։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն այսօր կայացած հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Քվեարկությանը մասնակցած պատգամավորներից 1–ը դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, 1-ը` կողմ, 76-ը` ձեռնպահ։
Իջևանցին էշով եկել էր Փաշինյանին տանելու, բայց իրեն տարան. տեսանյութ