Փաշինյանի նշանակած կադրերից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի. Մարուքյան

Խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողման հիմքը համարում է նրա վարած կադրային քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստանի» բանավեճը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին այսօր ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ նախկին երկու նախագահներին համարում է նույն դաշտի սեգմենտ։

«Իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է, որ` եղբա՛յր, հեղափոխությունը եղավ, քեզ բոլորս աջակցեցինք, ողջունեցինք, ասացինք` շնորհակալ ենք, բայց կառավարման մեջ դու տապալեցիր»,– ասաց Մարուքյանը։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը հատկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից, ու Փաշինյանի հիմնական ձախողման հիմքը հենց այդտեղ է տեսնում։ Որպես օրինակ Մարուքյանը հիշեցրեց Փաշինյանի նշանակած երկու կադրերին` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ու ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանին։

ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի

«Ինքը կադրային կառավարման խնդիրներ ունի, ինքը չի կարողանում կառավարել։ Ինքն արել է հեղափոխություն, որի արդյունքը պետք է կապիտալիզացվի, տա արդյունք։ Հիմա արդյունք տվող երկու մարմնի ղեկավարներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ է, մյուսը` Սերժ Սարգսյանի։ Օսիպյանն ասում է` ես Քոչարյանի հետ եմ, ես իրեն եմ աջակցում։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի նշանակած ոստիկանապետն է, որը պետք է այս երկրում կարգուկանոն հաստատեր»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հունիսի 20–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ–ի հետ, իսկ երեկ` մայիսի իննին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ ընտրություններին աջակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան