Քոչարյանը Տեր–Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին միասնական պայքարելու առաջարկ արեց

ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Ես առաջարկւմ եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ։ Այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ քաղաքական համագործակցության հռչակագրի ստորագրման արարողության ավարտին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Տեր–Պետրոսյանի համանման առաջարկի վերաբերյալ լրագրողների հարցին։

Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն ու «Վերածնվող Հայաստանը» համագործակցության հռչակագիր ստորագրեցին

«Եթե մտադրված են պայքարել, ուրեմն սա բոլորիս հաջողությունը կլինի։ Միասնական դաշինք ձևավորել–չձևավորելը ուղղակի այդ պայքարի տեխնիկաներից մեկն է։ Միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ չափով, ամբողջ թափով մտնեն այդ պայքարի մեջ»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև շեշտեց, որ այդ պայքարն ունի երկու բաղադրիչ. պայքար կործանարար իշխանության դեմ և պայքար` իշխանության համար։ Ըստ նրա` կարելի է պայքարել միայն առաջին բաղադրիչով։

Բայց նա, ով չի պայքարում առաջին բաղադրիչով, Քոչարյանի համոզմամբ, ուղղակի դասալքություն է անում։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին