Կոմանդոսին Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեց

Կոմանդոսը հետմահու պարգևատրվեց հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,– նշված է որոշման մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Կոմանդոսի տուն-թանգարան կհիմնվի. Արմեն Սարգսյանն այցելել է հերոս գեներալի ընտանիքին

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին առաջարկել էր Կոմանդոսին Ազգային հերոսի կոչում շնորհել։