ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում. լուսանկարներ

Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից գտնվելու է Մոսկվայում՝ կարճատև արձակուրդում, ապա մեկնարկելու է նրա աշխատանքային այցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահի անունից ծաղիկներ են դրվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ից նախագահ Արմեն Սարգսյանը կգտնվի Մոսկվայում՝ կարճատև արձակուրդում։ Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Նախագահի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել էին, որ արձակուրդը նա կանցկացնի սեփական միջոցների հաշվին։