ԵՐԵՎԱՆ, մայիսի 6 - Sputnik. Ադրբեջանից ավելի քան 52 տոննա թարմ լոլիկ ապրիլին Ռուսաստանի մուտք չի գործել կարանտինային վնասակար օբյեկտների՝ լոլիկի ցեցի (Tuta absoluta Povolny) ու արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպի (Frankliniella occidentalis Perg) առկայության պատճառով: Տեղեկությունը հաղորդում է Ռոսսելխոզնադզորի կովկասյան միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ վարչությունը ստուգել է Ադրբեջանից և Իրանից ներկրվող 39,656 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։
«Կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ընթացքում ՌԴ տարածք չի թույլատրվել ներմուծել թարմ լոլիկի 3 խմբաքանակ (52,2 տոննա) Ադրբեջանից, ինչպես նաև ծաղկակաղամբի 2 խմբաքանակ (32,5 տոննա), թարմ պղպեղի 1 խմբաքանակ (16,6 տոննա) ու թարմ լոլիկի 2 խմբաքանակ (36 տոննա) Իրանից: Ռուսական շուկա չհասած արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 137 տոննա», - նշված է հաղորդագրության մեջ։
Բեռների արգելման համար հիմք է հանդիսացել Բույսերի կարանտինի համառուսական կենտրոնի Դաղստանի մասնաճյուղի լաբորատոր եզրակացությունը, որը հաստատել է ապրանքի մեջ վնասակար օբյեկտների առկայության փաստը:
ՌԴ «Բույսերի կարանտինի մասին» օրենքի խախտման համար բեռների սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել: Վարակված բեռները վերադարձվել են արտահանող երկրներ։