ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱԺ–ի իշխող խմբակցությունն առաջարկում է թույլ տալ անձին ձերբակալել առանց նպատակի։ Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխության առաջարկն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ եթե սպանության վայրում հայտնաբերվել է ձեռքերն արյունոտ անձ, ձեռքին դանակ, բայց նա չի փորձել փախչել, գործող օրենքով իրավապահներն այդ մարդուն ձերբակալելու իրավունք չունեն։
«Ըստ գործող Քրեական դատավարության օրենսգրքի, եթե տվյալ անձը փախուստի չի դիմում դեպքի վայրից, տվյալ անձին ձերբակալել հնարավոր չէ։ Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ դատարանն այս հիմնավորմամբ ձերբակալման որոշումները ճանաչել է ոչ իրավաչափ։ Այս հարցի կարգավորման համար մենք ներկայացրել ենք առաջարկություն` ձերբակալման հասկացողությունը սահմանող 128 հոդվածում հրաժարվել ձերբակալման նպատակներից»,– ասաց Բաղդասարյանը։
Բայց հաշվի առնելով այս նոր տեսակի ձերբակալման առանձնահատկությունը` օրինագծի հեղինակներն առաջարկում են դրա համար սահմանել 36-ժամյա ռեժիմ` ներկայում համատարած գործող 72 ժամի փոխարեն։
ՀՀ-ում ավելի հեշտ է ինքնակամ շինություն կառուցել, քան գնալ օրինական ճանապարհով. Թունյան
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկվող իրավակարգավորմանը։