ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դատական նիստը նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի օգնական Երվանդ Ղոնյանը։
«Դատարանն այսօր կայացրեց իր վճիռը, և նրանք ցմահ ազատազրկման դատապարտվեցին»,–ասաց Ղոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում մեկնարկել էր Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:
Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Արցախի դեմ ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` երկու սիրիացիներն էլ չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մշտապես չբնակվելով այդ երկրի տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացի` նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են պատերազմին։
Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչություն), 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։