ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik. Հայաստանում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան վերջին երեք տարիների ընթացքում, ինչն իրենց զեկույցներում արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
««Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսով 2020-ին Հայաստանը զբաղեցնում էր 61-րդ հորիզոնականը` պահպանել 2019-ի դիրքերը։ 2021-ին՝ 2 կետով հետ ենք նահանջել, ինչը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով սահմանված որոշակի սահմանափակումներով»,–վստահեցնում է Փաշինյանը։
Նա համոզված է՝ առաջիկայում մեր երկիրը շարունակելու է առաջընթացը: Փաշինյանի խոսքով` Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը։
Հիշեցնենք, որ 1991թ. մայիսի 3-ին Վինդհուկում ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը նշանավորելու համար Միավորված ազգերի կազմակերպությունը այդ տարեթիվը սահմանել է Մամուլի ազատության համաշխարհային օր: