ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Մայիսի 2-ին Հնդկաստանում գրանցվել է մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությանը։
Հաղորդվում է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել են 3689 մարդ: Իսկ նախօրեին երկրում արձանագրվել էր մեկօրյա վարակման ավելի քան 400 000 դեպք: Նման ցուցանիշ ոչ մի ուրիշ երկրում չի գրանցվել համավարակի ողջ ընթացքում:
Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ՝ քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակը:
Հնդկաստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում՝ փորձելով օգնություն ցույց տալ բոլոր հիվանդներին, սակայն թթվածնի սարքի և մահճակալների պակաս է զգացվում շատ նահանգներում:
Մինչ այս պահը Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 մլն դեպք, մահացել են վարակվածներից 215 000: Վարակվածության ցուցանիշով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին, իսկ մահացության ցուցանիշով երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Մեքսիկայից հետո: