«Ես ձեզ շատ կկարոտեմ». 93֊ամյա կինը հաղթահարել է Covid-19-ը և տուն վերադարձել. տեսանյութ

93–ամյա կինը Գյումրու բժշկական կենտրոնում բուժում է ստացել 14 օր և լիարժեք ապաքինվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. 93–ամյա Լուսիկ Դարբինյանը Գյումրու բժշկական կենտրոնի բուժաշխատողների օգնությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց

Նա նշեց, որ տարեց կինը բժշկական կենտրոն էր տեղափոխվել ապրիլի 15-ին:

«Հիվանդն ընդունվել է բաժանմունք բարձր ջերմությամբ, շնչառական անբավարարությամբ, նմուշառվել է և հաստատվել է Covid ախտորոշումը և թոքաբորբով տեղափոխվել է Covid բաժանմունք, որտեղ էլ մեր աշխատակիցների օգնությամբ պայքարել ենք նրա կյանքի համար»,-նշում է Արմեն Խաչատրյանը:

Շուրջ 14 օր բուժում ստանալուց հետո հիվանդը դուրս է գրվել:

«Տատը շատ բարի կին է․ բուժաշխատողներին անընդհատ օրհնում էր ու երբ արդեն պետք է դուրս գրվեր, ասում էր` ես ձեզ շատ կկարոտեմ»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

93֊ամյա Լուսիկ Դարբինյանի դուրսգրման պահն արձանագրած տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Ի դեպ, նշենք որ այս պահին կենտրոնի Covid բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնավածությամբ, տրիաժում ևս 8 հիվանդ կա:

Հավելենք` որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 532–ով և դարձել 216596։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 մարդ, կատարվել է 988086 թեստավորում, առողջացել են վարակվածներից 199115-ը: Գրանցվել է մահվան 4128 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1020 է։