«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Բաբաջանյան և Արգավանդ-Շիրակի հատվածը նախատեսվում է 2021-ի աշնանն ավարտին հասցնել։ Այն հնարավորություն կտա Երևանում ունենալ թվով 5-րդ կամուրջը և Գյումրիից Աշտարակ հասնել` առանց մայրաքաղաքի կենտրոն մուտք գործելու։ Իսկ Արշակունյաց-Իսակով ճանապարհը հնարավորություն կտա Մոնթե Մելքոնյան փողոցն իր ամբողջ պոտենցիալով շահագործել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
Նա համոզված է`այդկերպ որոշ չափով կբեռնաթափվի մայրաքաղաքի երթևեկությունը, սակայն միայն ճանապարհներ կառուցելը բավարար չէ խցանումներից ամբողջովին ձերբազատվելու համար. դրա համար անհրաժեշտ է Երևանում տրանսպորտային նոր համակարգ գործարկել, որն, ի դեպ, քաղաքային իշխանության նախընտրական քարոզարշավի հիմնական դրույթներից էր։
Սարգսյանի խոսքով`2.5 տարին բավականին քիչ ժամանակ է այդ ծրագիրն ավարտին հասցնելու համար, իսկ 2020-ին կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը մեծապես խոչընդոտեցին համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող ախատանքներին։
«Մեր ռեսուրսները հիմնականում այլ ուղղությամբ ենք ուղղել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքներ իրականացվել են։ Արդյունքն այն է, որ 2021-ին մենք ունենք առնվազն մեկ կնքված պայմանագիր` 161 ավտոբուս ձեռք բերելու համար։ 8.6 մետրանոց ավտոբուսներ են լինելու` ցածր հատակով, պայմանագրի համաձայն դրանք Հայաստանում կլինեն` պայմանագրի ստորագրումից հետո 6 ամսվա ընթացքում»,- ասաց նա։
Սարգսյանի հաշվարկով` մինչև հոկտեմբերի սկիզբ նոր ավտոբուսները կլինեն Երևանում, և մարդիկ ավելի հարմարավետ ու ընդարձակ ավտոբուսներով կերթևեկեն։
Նա նշեց` 2020 թվականին 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը չկայացավ ԵԱՏՄ անդամ երկրների համար ավտոմեքենաների ներկրման արտոնությունների վերացման և այլ տեխնիկական խնդիրների պատճառով։
«Բացի դրանից` «Եվրո-6» շարժիչով մեքենաների հայտ էինք ներկայացրել և այս անգամ մենք կրկնակի մրցույթ հայտարարեցինք այն նպատակով, որ լինի «Եվրո-5», «Եվրո-6», որ եթե «Եվրո-6»-ին մասնակիցներ չունենանք` «Եվրո-5»ին ունենանք»,- հավելեց Սարգսյանը։
2021-ի փետրվարին արդեն քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել։ Առաջին փուլում նախատեսվում է գնահատել նշված երկու լոտերում մասնակցության հայտ ներկայացրած ընկերությունների տեխնիկական համապատասխանությունը, երկրորդ փուլում կներկայացվեն գնային առաջարկները։
Հրաչյա Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։