Առաջնեկ որդուն անվանելու է Նոյ, Արտաշատի իրենց ընտանեկան հողում տուն է կառուցելու, ապրելու է 90 տարի, տեսնելու է, թե ինչպես են թոռները վազվզում ու նրանց կոնֆետ է տալու․․․ Գոռ Ավետիքյանը ծրագրել էր իր ապագան բոլոր մանրամասնություններով, գիտեր, թե բանակից վերադառնալու հենց հաջորդ օրվանից ինչով է զբաղվելու, ինչպես է ապրելու, միայն թե պատերազմը հաշվի չէր առել...
Հյուրասենյակը լի է Գոռով․․․ Նրա կտավներն են, նկարչական գունապնակը, կիթառը, պատվոգրերը, մեդալները, լուսանկարները։
«Գոռը կյանք էր, Գոռը սեր էր, համբերություն էր ու հույս, ներողամտություն, Գոռը ուժ էր․․․»,- տիկին Փիրուզան սկսում է պատմել որդու մասին, մեկ-երկու րոպե անց բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում։ Գոռն արև-տղա էր, կյանքը սիրող ու կյանքով լի, նրանից ճառագող լույսն այնքան շատ էր, որ տունն անգամ նրանից հետո է այդ լույսով լի։
Սիրում եմ ձեզ․․․
Տղան դեռ մանկուց արտակարգ ընդունակություններ էր դրսևորում, արագ յուրացնում էր օտար լեզուներ, ընդ որում՝ միայն լսելով։ 4 տարեկանից սկսեց նկարել։ Մայրը մասնագիտությամբ լրագրող, ինքնուս նկարչուհի է, ասում է՝ տպավորիչը ոչ թե պատկերներն էին, այլ համարձակ գույները։ Գոռը նաև իր նշանն էր ստեղծել, իր կնիքը՝ միացող գնդեր։ Այս նշանն ամենուր է՝ կտավներում, շքամուտքի պատին, կիթառի վրա․․․ Նաև նվագում էր։
Տիկին Փիրուզան հասկացել էր՝ այն, ինչ տեսնում է, մայրական կույր սիրո արդյունք չէ, իր տղան իրոք բացառիկ է։ Սկսեց գրի առնել նրա մտքերը։ Բացում է տետրը, թերթում ու գտնում 12 տարեկանում Գոռի ոչ մանկական ձևակերպումներից մեկը․ «Մարդը չի լինում միայնը լավը կամ միայն վատը, յուրաքանչյուր մարդու մեջ էլ կա բարին ու չարը, միայն թե նրա մեջ պետք է գտնել բարին ու զարգացնել այն»։ Գոռը սիրում էր մարդկանց, ներողամիտ էր, հանդուրժող։
«Ինչպես են մեծերը` տարիքն առած, իմաստնացած մարդիկ իրենց տարիքի բարձրությունից ու ներողամտորեն նայում, չեն չարանում, այ այդպիսին էր տղաս»։
Գոռը սիրում էր ու սիրում էր ասել իր սիրո մասին ծնողներին, քրոջը, ընկերներին․․․
«Միշտ զանգի վերջում ասում էր՝ սիրում եմ ձեզ։ Մինչև չասեր, չէր անջատում։ Ծնունդս հոկտեմբերին էր։ Դե պատերազմ էր, կապ չկար։ Մի քանի անգամ զանգեց, անջատվում էր։ Եսիմ ուր էր բարձրացել, որ կարողանար խոսել։ Մի 10 զանգով սրտի ուզածը կարողացավ ասել։ Վերջում չէր հասցրել ասել՝ սիրում եմ քեզ։ Մի 3-4 անգամ էլ զանգեց, որ դա ասի»,- պատմում է ավագ քույրը՝ Միլենան։
Հիշում է, թե ինչպես էր եղբոր հոգու հետ խաղում։ Գոռը քաղցր շատ էր սիրում, Միլենան էլ հաճախ առավոտյան եղբորն արթնացնում էր՝ վրան կոնֆետներ նետելով։ Քույր ու եղբոր կապն անբացատրելիորեն ուժեղ էր։
«Որ հոգնում էինք, կանգնում էինք մեջք մեջքի տված, էդպես էինք հանգստանում։ Կամ Գոռն ասում էր՝ Միլ, արի գրկեմ քեզ, էներգիա տամ։ Միլ, հենվի․․․ Անգամ բանակ ճանապարհելուց առաջ ասացի՝ դու իմ զույգ ախպերն ես, չեմ կարող առանց քեզ։ Չգիտեմ, թե ինչու էդպես ասացի՝ «առանց քեզ»․․․ »։
Շնորհակալություն հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար․․․
Թերլեմեզյանն ավարտելուց հետո ծրագրում էր ուսումը Գեղարվեստի ակադեմիայում շարունակել։ Իր ամենամտերիմ ընկերը՝ Լիլիթն ասում է՝ մտածում էին միասին նաև Սանկտ Պետերբուրգ մեկնելու, այնտեղ սովորելու մասին։ Նաև հստակ որոշել էին՝ այնպես պետք է ընտանիք կազմեն, որ իրենց ընկերությունը նաև ընտանիքների ընկերություն դառնա, իրենց երեխաներն էլ միասին մեծանան։ Բոլոր այս ծրագրերը Գոռը երկու տարով հետաձգեց ու կենտրոնացավ զինծառայության վրա։ Օրինակելի էր նաև այստեղ։ Տիկին Փիրուզան ցույց է տալիս բանակից ուղարկված շնորհակալագրերը․ «․․․Արժանապատվությամբ ու հպարտությամբ է կատարում իր պարտքը հայրենիքի նկատմամբ․․․Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ Ձեր որդուն որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար»։ Մինչև պատերազմը սկսվելը Գոռն ասել էր, որ շուտով իր կողմից ևս մի շնորհակալագիր ու Բանակի գերազանցության մեդալ է ստանալու։ Խոստացել էր՝ ամեն ինչ անելու է, որ մայրն իրենով հպարտանա։
2021թ.–ի հունվարի 21-ին պետք է տուն գար։ 2020–ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Թշնամու հարվածներից մեկը զորամասի շենքի ուղղությամբ էր։ Մուտքը փլվեց։ Գոռը ֆիզիկապես շատ ուժեղ էր, ընկերների խոսքով՝ պատուհանից դուրս է բերել վիրավոր ծառայակից ընկերներին, չի հեռացել այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը զորամասից դուրս չի եկել։ Գոռի հայրն արցախյան պատերազմի մասնակից է, պատերազմի լուրը ստանալուն պես կամավոր մեկնել է Արցախ։ Որդու ծառայության վայր՝ Մարտունի հասնելը հեշտ գործ չէր, մի քանի օր անց հայրն ի վերջո որդու մոտ է հասնում՝ կողք կողքի հայրենիքը պաշտպանելու համար։ Գոռը որքան էլ հորը կարոտել էր, բայց ամեն ինչ անում է նրան հետ ուղարկելու համար։
«Ասել էր՝ դու ո՞նց ես երկու կին թողել տանը, եկել, տանը պետք է տղամարդ լինի․․․Պապան էլ եկավ, որ Գոռին չխանգարի․․․ »։ Հրետակոծության ժամանակ Գոռը սկսում էր հոր անվտանգության մասին անհանգստանալ՝ իրեն անտեսելով, հայրն էլ հասկացավ, որ այդպես ավելի շատ վտանգում է որդու կյանքը, քան օգնում նրան։
«Եկավ ու զղջաց գալու համար։ Ահավոր տառապում էր, թե ոնց թողեց․․․Պատերազմի մասնակից էր, բայց այլ բան է, որ քո երեխային ես տեսնում էդ պայթող ռումբերի մեջ։ Գոռին ասել էր՝ մի բան անեմ, քեզ տանեմ։ Ասում է՝ Գոռն էնպես նայեց ինձ, որ ես ամաչեցի իր հայացքից, իմ ասածից»,- պատմում է տիկին Փիրուզան։
Հոր հետ Գոռն ուղարկում է խոցված ԱԹՍ—ի բեկորներ, պատվիրում՝ լավ կպահեք։ Մարտական ընկերը հետո արդեն ընտանիքի հետ զրույցում բացահայտում է բեկորների իմաստը՝ Գոռը ցանկանում էր հալեցնել, պատերազմից որպես հուշ մի բան սարքել։
Ընտանիքն անգամ չի էլ իմացել, որ Գոռը պատերազմի օրերին մոտ 2 շաբաթ արյան վարակումով հոսպիտալում պառկած է եղել։ Ոչ մեկին չի ասել, որ հանկարծ իր հետևից չգնան ու չփորձեն իրեն տուն տանել։ Հորը միայն վերջին օրն է ասել։
«Հայրն ասաց՝ գամ, քեզ Երևանի հիվանդանոց տեղափոխեմ, ասաց՝ պապ, ի՞նչ ես խոսում, ընկերներս էնտեղ են, մեքենայի եմ սպասում, որ գնամ»։
Հոսպիտալում էլ հանդիպել է իր բանակի ընկերոջը` Արտաշեսին։ Իրենց գումարտակում զինվորներից շատերը նամակներ էին գրել ու տվել ընկերներին, որ եթե․․․ փոխանցեն հարազատներին։ Արտաշեսն իր «հետմահու նամակը» տվել է Գոռին, սակայն Գոռը հրաժարվել է վերցնել։
«Ասել է՝ նախ` զոհվելու մասին մի մտածիր, չես զոհվելու, երկրորդն էլ` ո՞նց վերցնեմ, ո՞նց եմ քո մամային տալու։ Երբ ընկերն առաջարկել է, որ ինքն էլ գրի, հրաժարվել է, վստահ է եղել, որ հետ է գալու»։
Նոյեմբերի 2-ին Գոռը զանգահարել է մտերիմ ընկերուհուն՝ Լիլիթին ու ասել․ «Մեզ առաջ են տանում»։ Նոյեմբերի 3-ին Գոռը զոհվել է․․․
Մի քանի օր անց սպան տուն է բերել Գոռի իրերը՝ նկարչական գունապնակը, վրձիններն ու զինվորական գլխարկը, որի ներսում Գոռի կնիքն է ասեղնագործված։ Տիկին Փիրուզան վերցնում է գլխարկը, սեղմում դեմքին, խորը շնչում․․․
«Միակ իրն է, որի մեջ իր հոտը կա․․․ Էնքան եմ փոշմանել, որ շորերը լվացել եմ, մինչև անգամ բարձն եմ լվացել։ Չեք պատկերացնի, թե ինձ ինչպես է դառնացնում, որ ես իմ որդու նկարի վրայից փոշի եմ վերցնում․․․»։
Գոռը մոտ մեկ տարի տանը չէր եղել։ Վերջին անգամ եկավ 2020 թվականի հունվարին, հետո սկսվեց կարանտինը։ Միլենան ցույց է տալիս արձակուրդի օրերին նկարահանված տեսանյութը․ Գոռը նվագում ու երգում է։ Այդ ժամանակ մտքներով էլ չէր էլ անցնի, որ ինքն իր մասին է երգում․․․
Кто пойдёт по следу одинокому
Сильные да смелые головы сложили в поле, в бою․․․
Առանց վերջակետի․․․
«Եթե Իմ ոտքը ճղված լինի, բայց պետք է վազել, կվազեմ։ ֆիզիկականը կարևոր չէ, ինձ համար հոգևոր ցավն է կարևոր․․․ Ես կյանքում կարող եմ ապրել առանց ոտք, առանց ձեռք, Աստված չանի, իհարկե, բայց իմ կյանքում բան չի փոխվի։ Ոտք չունեցա, մեկ է՝ հեծանիվ եմ քշելու, ձեռք չունեցա` նկարելու եմ․․․ Մամ, ես քեզ խոստանում եմ, կյանքում էնպիսի մարդ եմ լինելու, որ կարողանաս հպարտանալ ինձնով․․․»։
Սրանք Գոռի խոսքերն են։ Վերջին անգամ տանը եղած ժամանակ բավականին երկար խոսել էր ֆիզիկականի անկարևորության ու հոգևորի գերկարևորության մասին։ Վերջերս մայրը հեռախոսում գտել է այդ ձայնագրությունը։ Հիմա անընդհատ լսում է․․․
–Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․
Գոռենց տնից դուրս եմ գալիս՝ չիմանալով տիկին Փիրուզայի հարցի պատասխանը։
Որովհետև ես էլ չգիտեմ` ինչպես ապրել Գոռի ու հազարավոր տղաների չապրած տարիների գնով։