ՌԱԴԻՈ

Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ըստ որի` ՀՀԿ–ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին և դաշինք կկազմի «Հայրենիք» կուսակցության հետ։ 
Sputnik
Քաղաքագետն ասել է` ինչ ազդեցություն կունենա Սերժ Սարգսյանն ընտրական գործընթացի վրա

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ`ինքնին հասկանալի է, որ տարբեր քաղաքական ուժեր ընտրություններից առաջ ցանկանում են ակտիվ լինել և ընտրազանգված հավաքել, որպեսզի քաղաքական դաշտում, ապագա խորհրդարանում տեղ ու դեր ունենան։ Ըստ նրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀԿ–ն և «Հայրենիքը» վերջին ընդդիմադիր միասնական շարժման ակտիվ մասնակիցներն են եղել, և այն հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին ընտրություններին մասնակցելու է դաշինքով, հետևաբար, իրենք էլ ցանկանում են մասնակցել երկրորդ ճակատով, ինչը փաստացի վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտը լինելու է բազմաբևեռ։

«Վերոհիշյալ դաշինքի պարագայում հաշվի է առնվում և՛ լիդերների, և՛ կուսակցությունների գործոնը։ Բնական է, որ ՀՀԿ–ն ցանկանում է մասնակցել ընտրություններին, բայց մյուս կողմից` եթե այդ քաղաքական ուժն առանձին մասնակցի, ապա կստացվի, որ ավելի է մանրացնում քաղաքական դաշտը և հնարավորություններն էլ ավելի են փոքրանում։ Հակառակ պատկերը կլինի այն ժամանակ, երբ ուժերը կոնսոլիդացվեն, ուստի կարծում եմ, որ հենց այդ հաշվարկից ելնելով է կազմվել դաշինքը»,– նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով այն հարցին, որ պատմություն և ավանդույթներ ունեցող ՀՀԿ–ն միացել է փաստորեն նորաստեղծ, մոտ մեկ տարվա պատմություն ունեցող կուսակցությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ ավելի վաղ հայտարարել էր բարձր պաշտոնի չհավակնելու մասին, Բոզոյանն ընդգծեց, որ բոլոր սոցիոլոգիական հարցումների համաձայն`հասարակության ճնշող մեծամասնությունը հիասթափված է նախկին կուսակցություններից և փնտրում է նոր ուժ, հետևաբար, մարդկանց մեծ մասը նախընտրում է գնալ ոչ թե ավանդույթներ ունեցող, այլ նորաստեղծ կուսակցությունների հետևից, որոնք դեռ չեն խաբել ու թերություններ չունեն։ 

ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հայտարարություն

Քաղաքագետի կարծիքով`Սերժ Սարգսյանն ուղղակիորեն ներգրավված չի լինի ընտրական գործընթացի մեջ, այլ կունենա ստվերային, անուղղակի ազդեցություն` փորձելով աջակցել այդ դաշինքին, ու թեև Սարգսյանը հայտարարել է, որ ֆորմալ առումով չի հավակնում բարձր պաշտոնի, սակայն հավելել է, որ քաղաքական դաշտում մնալու է որպես ակտիվ գործիչ։ 

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության Գործադիր մարմնի երեկվա նիստից հետո հայտարարեց, որ Հանրապետականը մասնակցելու է նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և որոշել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։ 

«Հայրենիք» կուսակցությունը ղեկավարում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։     

ՀՀԿ-ն կարող է անակնկալ մատուցել. Սուրենյանցը` ներքաղաքական զարգացումների մասին