ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2018թ.–ի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լրացրեց ձայների այն մինիմալ քանակը, որը բավարար էր Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետ ընտրվելու համար։
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` բացահայտելով, թե ինչ պայմաններ են այդ ձայների դիմաց դրվել Նիկոլ Փաշինյանի առաջ։
«Այդ ձայները նրան տալով` մենք նաև պայմաններ ենք առաջադրել ԼՂ խնդրի հետ կապված` չի կարող լինել պարտվողական քաղաքականություն, և մեր ցանկությունների նվազագույն շեմը պետք է պահպանվի, չեն կարող լինել ոտնձգություններ հայ–ռուսական հարաբերություններում, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն, որ պետք է իրականացվի ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագիրը»,– ասաց Սարգսյանը։
Մնացած հարցերը` տնտեսական քաղաքականություն, հարկային ոլորտ, Սերժ Սարգսյանի խոսքով, թողնվել է ՔՊ–ի ծրագրային քաղաքականությանը։
Հիշեցնենք, որ 2018թ.–ի ապրիլի 17–ին արդեն խորհրդարանական դարձած Հայաստանում վարչապետ ընտրվեց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած համազգային հուզումների ֆոնին Սարգսյանը ապրիլի 23–ին հրաժարական տվեց, իսկ մայիսի 8–ին ԱԺ–ն վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին։
Եթե դա նրան չի նեղացնի. Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ