Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել. Սերժ Սարգսյանն ասաց` ինչու է ամաչում նրա փոխարեն

Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալիս Արմեն Սարգսյանը քաջածանոթ էր ՀՀ Սահմանադրությանը և խորհրդարանական կառավարմամբ երկրում նախագահի լիազորություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Շատ մարդիկ, ովքեր առաջին հայացքից շատ խրոխտ են, պատերազմի ժամանակ դառնում են թուլամորթներ։ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասին հարցին, նման համեմատություն արեց ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Եթե դա նրան չի նեղացնի. Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ

 «Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել։ Չկարողացավ դրսևորել, որովհետև գտնվում էր շատ նսեմացված վիճակում։ Նրան փորձեցին ենթարկեցնել և ստացվեց։ Շատ– շատ ափսոսում եմ և շատ ամոթ է»,– ասաց նա։

Մեկնաբանելով Արմեն Սարգսյանի այն հայտարարությունները, թե իր լիազորությունները բավարար չեն այս կամ այն քայլը կատարելու համար` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրանք բավարար են, որպեսզի կայանա ՀՀ նախագահի ինստիտուտը։

«Բա եթե ինքը լիազորություններ չունի, ինչու է այդ լիազորությունների մի մասը զիջում խորհրդարանին։ Ի՞նչ տարբերություն` դու ստորագրում ես օրենքը, թե չստորագրելով թույլ ես տալիս, որ այդ փաստաթուղթը մտնի ուժի մեջ»,– ասաց նա։

Սարգսյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալիս Արմեն Սարգսյանը քաջածանոթ էր ՀՀ Սահմանադրությանը և խորհրդարանական կառավարմամբ երկրում նախագահի լիազորություններին։

«Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Սերժ Սարգսյանը բացատրել է` ինչ է նկատի ունեցել սա ասելով

«Եվ բացարձակապես որևէ ակնարկ անգամ ես չեմ լսել այդ մասին»,– ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Արմեն Սարգսյանը մեծ շնորհակալությամբ համաձայնել է ընդունել ՀՀ նախագահի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել և չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Ապրիլի 26–ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: