«Իրենք շատ բան կարող են խոսել». ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին

Ըստ ԱԱԾ փոխտնօրենի` կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց միջանցքի հետ կապված հարցեր չեն կարող լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի– Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահին Մեղրիի միջանցքի մասին խոսակցություն չկա։

«Իրենք շատ բան կարող են խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա, չէր էլ կարող լինել»,– ասաց նա։

Մելքոնյանի խոսքով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովն ուղղակի ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները։

Մեղրիի միջանցքի խնդիրը պետք է հստակեցվի, հայտարարության տեքստը շատ բազմանշանակ է. իրանագետ

«Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքի հետ կապված հարցեր»,– ասաց նա։

Հայաստանն Ադրբեջանին ճանապարհ կտա ճանապարհի դիմաց. Փաշինյան

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ղեկավարները մի քանի անգամ ասել էին, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ թուրքական կողմերը չեն ստանա Մեղրիով անցնող «առանձին» միջանցք, որը Հայաստանի իրավասության ներքո չի գտնվի։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր` եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով:

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հայտարարությունը` նշելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: