Ես ու Նիկոլ Փաշինյանը գենետիկորեն տարբեր ենք. Արա Բաբլոյան

Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանը երկար դադարից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել։
Sputnik

Հայաստանի 6-րդ գումարման խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը Sputnik Արմենիայի թղթակից Լաուրա Սարգսյանի հետ զրույցում խոսել է 2018 թվականի իրադարձությունների, կառավարման խորհրդարանական ձևին անցնելու և առաջիկա ընտրությունների մասին: 2017-2019 թվականներին Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արա Բաբլոյանը մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին՝ «ես իմ խոսքն արդեն ասել եմ ներքաղաքական գործընթացներում»:

-2018թ․-ին Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևի: Արդյոք այս քայլը վաղաժա՞մ չէր, և մեր հասարակությունը պատրա՞ստ էր դրան: Չե՞ք կարծում, որ հետագա բոլոր խնդիրները սկսվել են այս փոփոխություններից հետո:

-Կարծում եմ, որ ոչ։ Բայց, իհարկե, հասարակությունը պետք է պատրաստ լինի նման մեծ փոփոխություններին, ինչպես օրինակ, երկրի կառուցվածքային կամ կառավարման համակարգերի փոփոխությունն է։

Երբ այդ գործընթացը դեռ սկզբնական զարգացման փուլում էր, խոսվում էր այն մասին, որ դա կօգնի ամրապնդել ժողովրդավարությունը, բարձրացնել հանրային մասնակցությունը երկրի կառավարմանը։ Բայց, իհարկե, բոլոր այդ գործընթացները պետք է ներդաշնակ իրականացվեն, դա պետք է արվի ոչ թե հեղափոխության, այլ էվոլյուցիոն ճանապարհով։ Միշտ էլ հեղափոխությունները բերել են ստեղծած ժառանգության փլուզմանը և երբեք չեն կարողացել բերել այնպիսի փոփոխություններ, որոնք կապահովեին սահուն զարգացման գործընթաց։ Դա մեծ հմտություն է պահանջում, որ կարողանաս մի համակարգից անցնել մեկ այլ համակարգի և պահելով, պահպանելով քո պատմական արժեքները՝ դրա վրա կառուցես նորը, ստեղծես զարգացման նոր ուղիներ։

Ես ու Նիկոլ Փաշինյանը գենետիկորեն տարբեր ենք. Արա Բաբլոյան

Ես միշտ ասել եմ՝ անկախ նրանից, թե պետությունը կառավարման ինչ ձև կընտրի, ղեկավարության անելիքները չորսն են՝ պետությունը պետք է երաշխավորի անվտանգություն, արդարություն, առողջություն և կրթություն։

Կարող են շատերը վիճել, թե ինչու այս չորսից զատ չենք խոսում մշակույթի, մյուս ուղղությունների մասին։ Անվտանգ, արդար երկրում առողջ, կրթված մարդը և՛ մշակույթ կստեղծի, և՛ տնտեսություն կզարգացնի։ Երբ մենք խոսում ենք անվանգության մասին, խոսում ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին անվտանգության մասին։ Երբ խոսում ենք արդարության մասին, խոսում ենք այն արդարության մասին, որը տալիս է հնարավորություն ամեն մեկին իր կարողությունների, հնարավորությունների սահմանում զարգանալ, զարգացնել, ստեղծել։

Բաբլոյանը կոչ է արել ամուր պահել ռազմական ու բժշկական ճակատները

Միաժամանակ, պետք է ստեղծել համապատասխան պայմաններ նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ, որպեսզի իրենք էլ մասնակից լինեն գործընթացներին իրենց հնարավորությունների սահմաններում՝ առանց նսեմացնելու նրանց արժանապատվությունը։ Մենք պետք է կարողանանք ստեղծել այդ պայմանները։

Մենք նաև պետք է կարողանանք ճիշտ տարանջատել հավասար իրավունքները հավասարությունից։ Երբ մենք ուզում ենք մեխանիկորեն հավասարություն «ստեղծել», դա շատ սխալ է, որովհետև հավասարություն քարոզողներն իրենց պոպուլիստական մոտեցումներով առաջարկում են մեկից վերցնել՝ մյուսին տալ ու, փաստորեն, մեխանիկորեն հավասարացնել։ Այդպես չի կարող լինել, դա զարգացմանը խանգարող, կարելի է ասել՝ զարգացումը կանխարգելող մոտեցում է։ Պետք է ստեղծել համապատասխան պայմաններ ու մարդկանց տալ հնարավորություններ հավասար իրավունքներ ունենալու համար։ Այս իմաստով ցանկացած տեսակի պրոտեկցիոնիզմ պետք է վերանա: Ես կարծում եմ՝ իմ մատնանշած չորս ուղղություններն այն հիմնասյուներն են, որոնց վրա պետք է պետությունը կառուցվի կառավարման ցանկացած ձևի դեպքում։

-Ներկա իրավիճակում խորհրդարականական կառավարման ձևը թույլ կտա՞ մեզ այդ ամենն իրականություն դարձնել։

-Իրականում, հասարակությունը պետք է պատրաստ լինի խորհրդարանական համակարգին հասնելու համար։ Մի շարք պետություններ ավելի շատ նախագահական կառավարման կարիքն ունեն։ Երբ ասում ենք նախագահական, չենք ասում միանձնյա կառավարում։ Մենք հանրապետություն ենք, և ընտրել ենք մի ճանապարհ, որտեղ կառավարումը չպետք է միանձնյա լինի։ Բայց, գուցե նման դժվար իրավիճակներում նախագահական համակարգն ունի առավելություն երկիրը կառավարելու առումով։

Այնուամենայնիվ, մեր զարգացման և ապագայի համար պետք է ձգտենք այնպես անել, որ մեր հասարակությունը պատրաստ լինի հարգել և լսել ուրիշներին, լինի հանդուրժող և զիջող: Նման մոտեցում մենք դեռ չունենք, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրներ կան:

-Ձեր թվարկած հիմնասյուներից ո՞ր մեկն էր առավել հաջողվել ամրապնդել ձեր իշխանության օրոք։

-Ձեր հարցն ինձ մի դրվագ հիշեցրեց։ Երբ մենք քննարկում էինք կառավարման ձևի փոփոխության հարցը, Սերժ Սարգսյանը գրեթե նույն ոգով էր խոսում այդ գաղափարի մասին։ Ես ասացի՝ «Պարոն նախագահ, իհարկե, ես ժողովրդավարության, զարգացման, հանդուրժողականության, արդարության կողմնակիցն եմ, բայց, կարծում եմ, որ մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը՝ դա շատ լուրջ գործընթաց է, և, կներեք արտահայտությանս համար, մենք չպետք է ֆանատիկորեն հավատանք, որ կարող ենք շատ արագ իրականացնություն դարձնել այս ամենը»։ Մարգարիտ Եսայանն ասաց. «Պարոն Բաբլոյան, այդ ի՞նչ եք ասում»։ Սերժ Սարգսյանն ասաց՝ «Մարգո ջան, ես հասկանում եմ, թե Արան ինչ է ասում և ընդունում եմ, որ դա հեշտ գործընթաց չէ, դա լուրջ մարտահրավեր է, որ մենք կարողանանք մեր հասարակությանը պատրաստել և այդ ուղով տանել»։ Իրականում դա դժվար ճանապարհ է, դա համալիր գործընթաց է, չի կարող առանձին կտորներով լինել։

Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
Այն ժամանակ գործընթացն արդեն սկսվել էր, և երբ հիմա ներկայիս կառավարությունն ասում է. «Տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ ընդդիմությունը փողոց է դուրս գալիս, բայց ոչ մի բռնություն չկա»։ Սակայն այդ իշխանությունը չի ասում, որ նույնը տեղի է ունեցել 2018 թվականին։ Այդ ժամանակ իշխանությունը տրվեց ոչ թե արժանիքների համար, այլ ժողովրդի գլխից մազ չպակասելու համար, որ նոր Մարտի 1 չլիներ։ Իմ կարծիքով Մարտի 1-ը միակողմանի չէ, երկկողմանի պրոցես է։ Թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը պետք է նույն ոճով դաստիարակված լինեն։ Չի կարող իշխանությունը մի ձևի լինի, հասարակությունը՝ մեկ այլ։ Այդ հասարակությունն է ծնում իշխանությունը, ուստի երկու կողմն էլ պետք է կարողանան ձգտել գտնել լավագույն ուղին հարցը լուծելու համար։

-Ինչպե՞ս եք հիշում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։

-Դա շատ ծանր օր էր։ Ես նախօրոք չէի ենթադրում, որ կարող է նման բան լինել։ Այսօր շատ հեշտ է այդ օրերին գնահատական տալ, ասել, թե չանեինք դա, չէինք ունենա այս կորուստները, որ այդ քայլը սխալ էր։ Ես այդպես չեմ կարծում։ Իրավիճակն, իհարկե, բավականին ծանր էր, պետք էր երկրի, ժողովրդի համար նվազագույն կորուստներով լուծել հարցը, բայց որևիցե մեկը չէր կարող պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ ընդդիմադիր գործիչ էր, քան՝ կառավարիչ։ Ոչ ոք նման բան չէր պատկերացնի։ Ամեն դեպքում նույնիսկ այն ժամանակ, երբ հանձնվում էր իշխանությունը, երևի թե հույս կար, որ այն, ինչ խոստացվում էր, առնվազն դրա 80 տոկոսը կիրականացվի։ Բայց ստացվեց այնպես, որ խոստացվածի 80 տոկոսը չիրականացվեց։

Ես ու Նիկոլ Փաշինյանը գենետիկորեն տարբեր ենք. Արա Բաբլոյան

-Ե՞րբ իմացաք Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։

-Երբ ինքը հայտարարեց այդ մասին, այդ ժամանակ էլ իմացա։

-Նախօրոք չգիտեի՞ք;

-Չէ, չգիտեի։ Տարբեր քննարկումներ էինք ունենում։ Կարծեմ հենց հրաժարականի նախօրեին՝ գիշերը, ես վերադարձա արտասահմանից ու այցելեցի կալանավորված Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, պատկերացնել չէի կարող, որ նման բան կարող է լինել։

-Շփումն ինչպիսի՞ն էր Նիկոլ Փաշինյանի հետ։

-Ես ամիսներ շարունակ եղել եմ ԱԺ նախագահը, որտեղ կառավարությունն արդեն ընդդիմության ձեռքն էր, և նույն Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, գալիս էր ԱԺ, հանդիպում էինք, քննարկում էինք։ Պետք է ասեմ, որ մենք շատ տարբեր ենք՝ և՛ մեր գենետիկ կառուցվածքով, և՛ մեր դաստիարակությամբ։ Երևի թե դա է պատճառը, որ այն ամենը, ինչ ես իրեն ներկայացնում էի, խորհուրդներ էի տալիս․․․Գիտեք՝ անկախ նրանից, թե որ դաշտում ես, ուզում ես այնպիսի տեղեկատվություն տալ մարդուն, որը կարևոր է քո երկրի, ժողովրդի համար։ Ես հետագայում իմ ասածները չտեսա նրա քայլերի մեջ։ Մենք շատ տարբեր ենք։ Այսօր ես շատ ակտիվ աշխատում եմ կառավարական տարբեր կառույցների հետ, որովհետև պարտադիր չէ, որ ես ունենամ պաշտոն, որ օգնեմ մարդկանց։ Ես ունեմ գիտելիք, փորձ, կարող եմ տարբեր հարցերում օգտակար լինել, ու ես ոչ թե կարող եմ դա անել, այլ ես պետք է դա անեմ ու անում եմ։ Ես ակտիվ համագործակցում եմ Առողջապահության նախարարության հետ, անկախ նրանից, որ դա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։

-Պատրաստվու՞մ եք մասնակցություն ունենալ առաջիկա ընտրություններին։

Ես կարծում եմ, որ ես իմ խոսքն արդեն ասել եմ ներքաղաքական կյանքում, կմասնակցեմ իմ աշխատանքով։ Խորհուրդ եմ տալիս հայ ժողովրդին ձայն տալ այն մարդկանց, ովքեր ունեն պատկերացում, թե ինչպես է պետք կառավարել երկիրը, որ այն լինի անվտանգ, արդար, առողջ, կրթված, զարգացող։