Նոր աշխարհի մարտահրավերներն ու հաջողության գաղտնիքը. Ռուբեն Վարդանյանի հոդվածը Forbes-ում

Հայազգի միլիարդատերն իր հոդվածում խոսել է էլիտայի փոփոխության անհրաժեշտության, ժամանակակից աշխարհի առաջ ծառացած մարտահրավերների և «սոցիալական ձեռներեցության» մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի- Sputnik. Աշխարհում տեղի ունեցող արմատական փոփոխությունները մարդկանցից պահանջում են այս կամ այն խնդրին նոր լուծումներ որոնել։ Այսպիսի կարծիք է հայտնել միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը Forbes-ում հրապարակված իր հոդվածում։ Հայ բարերարը հարց է բարձրացնում` ինչպես կարող է մարդն ինքն իրեն նկարագրել անընդհատ փոփոխվող հասարակությունում:

««Ո՞վ ես դու». սա մի հարց է, որն ինձ, թերևս, հաճախ են տալիս։ Դեռ 20 տարի առաջ պատասխանը պարզ ու հասկանալի էր` ներդրումային բանկիր։ Տասը տարի առաջ էլ այդ հարցի պատասխանը դժվար չէր գտնել՝ գործարար և բարերար։ Հիմա ես սոցիալական ձեռնարկատեր եմ», - նշում է գործարարը։

Սամվել Կարապետյանը «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է

Սակայն Վարդանյանի առաջարկած հասկացություններն ունեն հակադիր նշանակություն, ինչը հենց հեղինակն է ընդգծում. «սոցիալական» և «գործարար» բառերը կարծես կոնֆլիկտի մեջ են։ Ունենալով տարբեր բնույթի 60 նախագծեր՝ առևտրային, բարեգործական, խառը, Վարդանյանը նշում է, որ դրանք բոլորն էլ կապված են իրար հետ։ Բիզնեսի վարման այս մեթոդն օգնում է խուսափել ինչպես միասնական գերիշխող կենտրոնի, այնպես էլ կոշտ հիերարխիայի ստեղծումից։ Բայց այս ոճով աշխատանքում մեծ տեղ ունեն կապերն ու կոլեգիալ որոշումների ընդունումը։ Այս բոլոր փոփոխությունները պայմանավորված են փոփոխվող աշխարհի նոր պահանջներով։

Նոր աշխարհի առաջին մարտահրավերը Վարդանյանը համարում է «տեխնոլոգիաների հարձակումը»։ Ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերը երկրորդ իրականություն են, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում: Իսկ Դոնալդ Թրամփի հաշիվների ապաակտիվացման դեպքը հատկանշական է. մասնավոր ընկերությունները նրան զրկել էին հաղորդակցության հնարավորությունից՝ որոշելով, որ նա խաբում է։

Վստահության ճգնաժամը երկրորդ մարտահրավերն է, որը խանգարում է մարդկանց միասին ստեղծել։ Գործարարի խոսքով, ո՛չ ընտանիքը, ո՛չ եկեղեցին, ո՛չ կուսակցությունը կամ նույնիսկ կորպորացիան այլևս մարդկանց հենարանը չեն։ Բարոյական կողմնորոշիչների կորուստն ավելի նկատելի եղավ համավարակի շրջանում։ Պետության և այլ ինստիտուտների նկատմամբ վստահությունը խարխլված է, մարդիկ կարծում են, որ այս ինստիտուտները այլևս չեն կարող պաշտպանել իրենց։

Ռուբեն Վարդանյանը դիմել է Վլադիմիր Պուտինին

«Մասնատվածությունն ու անվստահությունը մեզ զրկում են էկոհամակարգ ստեղծելու հնարավորությունից, որտեղ բոլորը հարմարավետ ու անվտանգ կապրեին։ Բայց հարկավոր է միավորվել. հնարավոր չէ հեռու մնալ ընդհանուր խնդիրներից՝ անգամ եթե Ռուբլյովկայում կամ Օստոժենկա փողոցի վրա «ոսկե գետտո» ստեղծես», - կարծում է հայ բարերարը։

Երրորդ մարտահրավերը Վարդանյանը համարում է էլիտայի փոփոխությունը։ «Էլիտա» տերմինը բոլոր երկրներում բացասաբար է ընկալվում (մենք Հայաստանում դա շատ լավ գիտենք - խմբ.): Վարդանյանն առաջարկում է ընդունել այն փաստը, որ էլիտաները կան յուրաքանչյուր երկրում, և նրանք համակարգողի դեր են կատարում. «առանց նրանց չէր լինի ո՛չ «Տելսան», ո՛չ «Սպուտնիկ– V»-ն։ Ընդ որում, նրա խոսքով, 10 տարի անց Ռուսաստանում էլիտան արմատապես կփոխվի ՝ 90 - ականների օլիգարխների ժառանգների և ինքնուրույն ոտքի կանգնած գործարարների շնորհիվ։

 «Տունս միայն այնտեղ է»․ Ռուբեն Վարդանյանի հետաքրքիր հարցազրույցը ռուսական հեռուստաալիքին

Նոր աշխարհի չորրորդ մարտահրավերը, ըստ հայազգի գործարարի, հաջողության մեկ այլ չափումն է։ Աշխարհում կտրուկ փոխվում է բարեկեցության ընկալումը, դա արդեն ոչ թե գոյատևման ձև է, այլ ինքնաիրացում, հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ: Այսպիսով, քանակից որակի հաջողության գնահատման փոփոխություն է տեղի ունենում` քանակն իր տեղը զիջում է որակին։

Բիզնեսի և բարեգործության միաձուլումը վերջին կետն է: Նման սխեմայի օրինակ է «Սկոլկովո» բիզնես-դպրոցը, այն տալիս է գիտելիքներ, բայց ուսուցումը վճարովի է, իսկ դա արդեն կոմերցիոն գործունեություն է։  Նման նախագծերը կարելի է վերագրել «իմպակտ-ներդրմանը » և «սոցիալական ձեռնարկատիրությանը»։

«Նախքան մի գործ սկսելը պետք է քեզ համար պատասխանես մի շարք հարցերի. ինչու ես ապրում, ինչպես ես չափում քո հաջողությունն ու քո նախագծերի հաջողությունը, ինչ ես ուզում թողնել քեզնից հետո։  Կնոջս՝ Վերոնիկայի հետ չորս երեխա ունենք, և դա մեզ համար հենց այնպես չէ»։

Ոմանք ասում են. «Ինձանից հետո` թեկուզ ջրհեղեղ»։ Ինչ-որ մեկն ամեն ինչ թողնում է իր ընտանիքին, ինչ-որ մեկը մեխանիզմներ է ստեղծում, որպեսզի աշխարհը գոնե մի փոքր ավելի լավը դառնա։ Լավ օրինակ է Պավել Տրետյակովը։ Թե ինչ տեղ է նա զբաղեցրել իր ժամանակի ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում, նշանակություն չունի։ Իսկ ահա Տրետյակովյան պատկերասրահի մասին գիտեն բոլորը։ Ըստ ինձ, ընտրությունը ակնհայտ է։