Նաիրի Հոխիկյանի կարծիքով` Բայդենը մեկն է ամերիկյան նախագահներից, որ գործընթացը հասցրեց այն հանգրվանին, երբ ԱՄՆ–ի այսօրվա աշխարհաքաղաքական շահը պարզապես հնարավորություն է տալիս արտաբերելու «ցեղասպանություն» եզրույթը։ Ըստ նրա` իրականում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն թաքցրել, որ ընդունում են ցեղասպանության կատարման իրողությունը, սակայն մյուս կողմից էլ չեն թաքցրել այն դիրքորոշումը, որ ելնելով քաղաքական նկատառումներից` նախկինում չէին կարող այդ մասին պաշտոնապես խոսել։
«Փաստորեն Բայդենը դարձավ ԱՄՆ–ի երրորդ նախագահը, ով օգտագործեց «ցեղասպանություն» բառը` հետևելով Ջիմի Քարթերի և Ռոնալդ Ռեյգանի օրինակին։ Պարզապես տարբերությունն այն է, որ Բայդենի նախորդների պաշտոնավարման օրոք Հայաստանն անկախ պետություն չէր և ցեղասպանության ճանաչումը մեր պետական օրակարգում չէր»,– նշեց լրագրող–մեկնաբանը։
Հոխիկյանի համոզմամբ` փաստն ինքնին ոգևորիչ է և ուրախալի, սակայն դրանից ոգևորության մեծ առարկա սարքելն ու մտածելը, որ վաղը ստանալու ենք Արևմտյան Հայաստանի հողերը, որ Թուրքիան փոխհատուցելու է մեր մարդկային ու տարածքային կորուստների համար, տեղին չի լինի, որովհետև մինչ օրս բազմաթիվ պետությունների ճանաչումից հետո պահանջատիրության հարցում ոչինչ չի փոխվել։
«Է՜յ, Էրդողան». թուրք բասկետբոլիստ Կանտերի և այլ հայտնիների արձագանքը Բայդենի ելույթին
Լրագրող–մեկնաբանի պնդմամբ` պետք է ցեղասպանության միջազգային ճանաչման առումով քայլել առաջ` հաշվի առնելով մի քանի գործոններ, այսինքն` անհրաժեշտ է, որ ազգային պահանջատիրության շրջանակում մենք ինքներս նախաձեռնենք փոխհատուցման գործընթաց, և եթե պատմական հայրենիքը առաջնային չհամարենք, ապա երբ գա փոխհատուցման պահը, մեզ լավագույն դեպքում կարող են ֆինանսապես փոխհատուցել, և վերջ, մինչդեռ մեր պահանջատիրության հիմքում պատմական հողերի վերադարձն է, քանզի մեզ ցեղասպանել են մեր հարազատ բնօրրանում։
Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին