ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սիրիայի Ղամիշլի քաղաքի Ալ–Թայ շրջանում մի քանի հայ ընտանիք լքել են իշխանամետ և քրդական խմբավորումների միջև տեղի ունեցող բախումների վայրը։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Նրանք ժամանակավոր հաստատվել են հարազատների և ծանոթների մոտ։ Բախումները տեղի են ունեցել քաղաքի` հայերով բնակեցված թաղամասի մերձակայքում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Չնայած հրադադար է արդեն հաստատվել, անվտանգության նկատառումներից ելնելով, հայերը դեռ չեն վերադառնում իրենց թաղամաս։
Իշխանամետ «Ազգային պաշտպանության ուժերի» (NDF) և քրդական Asayish (Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) ներքին անվտանգության ծառայություն) ջոկատների միջև հակամարտությունը սկսվել է ապրիլի 20-ին։ Քրդական ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Ալ–Թայ շրջանի մեծ մասը։
Ռուս զինծառայողների միջնորդությամբ կողմերը, անհաջող փորձերից հետո, ի վերջո պայմանավորվածություն են ձեռք բերել զինադադարի մասին։
Սիրիայի մայրաքաղաքում երեք ահաբեկչություն է կանխվել
Նախքան հակամարտությունը Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենախոշոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում։ Հայերն հիմնականում ապրում էին Հալեպում (60 հազար հայ), Դամասկոսում (7 հազար), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ–Քամիշլիում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։