ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ «Հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը»․ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլքսանչորսյան ուղերձում այսպես բնութագրեց այն, ինչ կատարվել է հայերի հետ 20-րդ դարասկզբին։ «The Jerusalem Times»-ը գրում է, որ Իսրայելը չհետևեց Բայդենի օրինակին՝ այդ կոտորածները «ցեղասպանություն» անվանելով։
«Մասնավորապես, այս օրերին մենք և աշխարհի երկրները պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որպեսզի նման իրադարձություններ այլևս չկրկնվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին։
Պարբերականը գրում է, որ իսրայելական «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի այդ քայլը՝ ընդգծելով, որ դա «Բայդենի կարևոր բարոյական ուղերձն էր»։
«Ես շարունակելու եմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դա մեր բարոյական պատասխանատվությունն է ՝ որպես հրեական պետություն»,- հավելել է Լապիդը: