Քանի եկեղեցի է ավերվել Արևմտյան Հայաստանում, քանիսը՝ Արցախում․ Այվազյանը թվեր ներկայացրեց

Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը խոսել է Հայոց ցեղասպանության բաղկացուցիչներից մեկի՝ մշակութային ցեղասպանության մասին։ Նրա ելույթը հրապարակված է ԱԳՆ կայքում։

Հայաստանում 2 նոր արգելոց-թանգարան կստեղծվի, կվերականգնվեն մի շարք եկեղեցիներ

Նախարարը նշել է, որ 1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն` Օսմանյան կայսրությունում ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Մշակութային ցեղասպանությունը շարունակվեց հաջորդող տարիներին, և այժմ հայկական ոչնչացված մշակութային ժառանգությունը Արևմտյան Հայաստանում ներառում է տասնյակ հազարավոր կոթողներ՝ ներառյալ միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:

«Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6 հազար միջնադարյան խաչքարներ», - ասել է Այվազյանը։

Նա նշել է, որ 2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, հայերը կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի:Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվել և վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա:

Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում

«Մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը: Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։

Հիշեցնենք` մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկեղեցու «անհետացման» մասին պատմող ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց Twitter- ում գրեց. «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։

Եկեղեցիներն ավերելու փաստերը կդառնան քննության առարկա. դատախազություն

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և համանախագահ երկրներին, ՅՈւՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել անհապաղ միջամտել ու կանխել հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։