Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

Այս պատմությունը հորինված չէ, սա սարսափ ֆիլմի ռեժիսորի երևակայության արդյունք չէ, այլ իրականություն է, որին 1915 թվականին բախվեց փոքրիկ հայուհին։ Sputnik Արմենիան ներկայացնում է մի աղջկա իրական պատմություն, որին հաջողվել է սարսափելի մսաղացի մեջ ողջ մնալ։
Sputnik

Ռաքել Միքայելյանն այն մարդկանցից է, որոնց հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-ին նա 8 տարեկան էր։ Ռաքելը վերապրել է տեղահանությունը, հալածանքները, հարազատների կորուստը։ Եվ գոյատևել է։ Որքան էլ պարադոքսալ է, նա ինչ-որ իմաստով իր փրկությունը գտել է հայկական կոտորածի գաղափարախոսներից մեկի՝ բժիշկ Մեհմեդ Ռեշիդի տանը։

Ռաքելի պատմությունը պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվներում: Այն մեզ է հասել Ստամբուլում հայտնի հայ դերձակ Սրբուհի Գրիգորյանի շնորհիվ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում թանգարանի մարքեթինգի բաժնի համակարգող Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ Գրիգորյանն առանցքային դերակատարություն է ունեցել Ռաքելի կյանքում, քանի որ հենց նրան է հաջողվել փրկել Ռեշիդ բեյի ընտանիքում ապրող աղջկան: Թանգարանի արխիվներում պահվում է նաև Ռաքելի միակ լուսանկարը։

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

«Այստեղ նա 15 տարեկան է, արդեն ամուսնացած է ու փոխել է անունը։ Այժմ նրա անունը Ազատուհի է», - ասաց Հախվերդյանը:

Արթնացավ դժոխքում․․․

Մկրտչյանների ընտանիքն ապրում էր Յոզղաթում (քաղաք կենտրոնական Թուրքիայում)։ 1915 թվականին Ռաքելի հորը՝ Հակոբին, զորակոչեցին, որ միանա Օսմանյան կայսրության բանակին։ Այդ առավոտ 8-ամյա աղջիկը հորը վերջին անգամ էր տեսնում։ Շուտով քաղաքի բոլոր հայերը ստիպված եղան լքել իրենց տները։ Ռաքելը, նրա մայրը, 16-ամյա եղբայրը՝ Վահանը, ավագ քույրը՝ Լուսնթագը և 8-ամսյա Ռամիլան հայերի քարավանի հետ գնացին դեպի անհայտություն։

«Դադարը կազմակերպվել էր Քելլեր Թերեսի անունով տեղանքում։ Ավելի ուշ պատմաբաններն այդ վայրը հայերի գերեզմանոց են անվանել, քանի որ քչերին է հաջողվել այնտեղից ողջ դուրս գալ», - ասաց Հախվերդյանը։

Աղջկա ընտանիքը բացառություն չէր։ Դադար տալուց անմիջապես հետո թուրք զինվորները Ռաքելի եղբորն ու մյուս պատանիներին տարան անհայտ ուղղությամբ։ Շուտով եկան նրանց քույրերի՝ փոքր աղջիկների հետևից։

Թուրքերն իրենց համար անմարդկային «զվարճանք» էին հորինել։ Նրանք սպանել էին տղաներին, մարմիններին ցեխ ու մոխիր քսել ու նրանց քույրերին բերել, որ իրենց ձեռքերով մաքրեն մեռելներին ու գտնեն իրենց եղբայրներին։ Նրանք, ովքեր չէին հնազանդվում, արժանանում էին հարազատների ճակատագրին։

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

Աղջիկները սարսափած վերադարձել են մայրերի մոտ ու պատմել տեղի ունեցածի մասին։ Սրանով մղձավանջը չի ավարտվել։

Որոշ ժամանակ անց թուրքերը խլել են բոլոր մանուկներին և լաստանավի մեջ դրել նրանց, իսկ մայրերին շարք կանգնեցրել գետի ափին։ Մարդասպանները հերթական «զվարճանքն» էին հորինել։ Երբ լաստանավն ափից արդեն բավականին հեռավորության վրա էր, նրանք այն շրջեցին դեպի կանանց, որ տեսնեն այնտեղի զարհուրելի տեսարանը։ Զոհված երեխաների թվում էր նաև Ռաքելի 8 ամսական քույրը։

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

Հետո հերթը հասավ չափահաս կանանց, որոնց ամենադաժան ձևերով էին սպանում: Հախվերդյանն ասում է, որ Ռաքելին ու նրա քրոջը կապել են իրենց մոր դիակին ու նետել ժայռից։ Ավելի ուշ վայրագներն իջել էին ստուգելու, որ ինչ-որ մեկը հանկարծ ողջ մնացած չլինի։

«Ռաքելն ու քույրը ողջ են մնացել, նրանց թուրքերը տարել են իրենց մոտ, սակայն ավելի ուշ աղջիկներին բաժանել են։ Ռաքելին ուղարկել են Տիգրանակերտ, որը հայուհիների համար որպես հավաքակայան ու տեսակավորման ճամբար էր ծառայում», - պատմեց Հախվերդյանը։

Փախուստ Ռեշիդ բեյից

Տիգրանակերտի քաղաքապետն այն ժամանակ բժիշկ Մեհմեդ Ռեշիդն էր։ Հախվերդյանը նշեց, որ նա հայերի բնաջնջման քաղաքականության գլխավոր քարոզիչներից է եղել։ Ռեշիդն առաջինն է կարգադրել տեղահանվածների ոտքերն պայտ խփել, ինչպես նաև նրանց գամել է խաչին՝ նմանակելով Քրիստոսի խաչելությունը։ Դրա համար նրան կոչել են «տիգրանակերտցի մսագործ»։

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

Ռեշիդը նաև հայ աղջիկներին ընկերներին, հարազատներին ու մերձավորներին «նվիրելու» պրակտիկա էր հորինել։ Նա այդ նպատակով 1916 թվականին Տիգրանակերտից Ստամբուլ է բերել ավելի քան 50 հայ աղջնակի, որոնց թվում էր նաև Ռաքելը։ Ռեշիդը որոշել է Ռաքելին իրեն պահել՝ համարելով, որ նա ամենագեղեցիկներից է։ Նա տարել է աղջկան Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող իր պալատ` Քըզ Թեփե գյուղ։

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

Ռեշիդ բեյը հարուստ մարդ էր, և նրա կինը վարձում էր լավագույն հայտնի վարպետներին ու դերձակներին, որոնց թվում էր նաև Սրբուհի Գրիգորյանը։ Մի օր նրան բեյի տուն են հրավիրել։ Իր հուշերում Սրբուհին գրում է, որ արտաքուստ Ռաշիդը բարի ու բարեկիրթ էր թվում, բայց նրա աչքերը միշտ թաքնված էին մեծ կապույտ ակնոցի հետևում։ Սկզբում նա նույնիսկ չհասկացավ, թե ում էր պատկանում այն տունը, որտեղ հանդիպել էր Ռաքելը։

«Այդ խեղճ փոքրիկն ինձ հեռվից այնպես էր նայում, ասես փորձում էր ինչ-որ բան ասել։ Բայց ես չէի էլ կարող մտածել, որ դա հայ երեխա է», -հիշում է Սրբուհին։

Աղջնակին արգելել էին շփվել օտարների հետ, այդ պատճառով Ռաքելի մասին Սրբուհուն պատմել է ծագումով հույն ծառան՝ Անաստասիան։ Կինը պնդում էր, որ տերը մեծացնում է աղջկան, որ իր հարսը դարձնի։

«Որ հայերին աշխարհի երեսից չջնջեն»․ զրույց հիմնադրամին 1 մլն նվիրած 102–ամյա հայուհու հետ

Իմանալով, որ Ռաքելը մարդասպանի տանն է մեծանում, Սրբուհին որոշում է ամեն գնով գողանալ երեխային։

Մի քանի նման փորձ ձախողվում են։ 1918 թվականին Ռեշիդին ձերբակալում են։ Մի անգամ Անաստասիան Գրիգորյանին ասում է, որ Ռեշիդի կինը բանտ է գնալու նրան տեսակցության։ Նույն օրը Սրբուհին փախուստ է կազմակերպում։

Մոր մարմնի հետ նետել են ձորը․ ինչպես է փոքրիկ հայուհին փրկվել «Տիգրանակերտի մսագործից»

«Որոշ ժամանակ նրանք թաքնվել են տարբեր հասցեներում, բայց արդյունքում Սրբուհին որբի հետ իր տուն է վերադարձել։ Ռաքելն իր փրկչին առաջին հերթին խնդրել է իրեն եկեղեցի տանել և խաչ տալ մաքրվելու համար», - ասաց Հախվերդյանը։

Ռաքելը մեծացել ու շուտով նշանվել է հայ երիտասարդի հետ։ Ապագա ամուսնու ընտանիքի հետ մեկնել է Ռումինիա։ Բուխարեստում աղջիկը փոխել է անունը: Այդ ժամանակից նրա անունը Ազատուհի էր։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը