ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայում յուրաքանչյուրը յուրովի, իր ընկալմամբ է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նման կերպ արտահայտվեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից մեր պատվիրակությունը ներկա է զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այս տարի առանձնահատուկ նշանակությամբ է օժտված այս արարողությունը, որովհետև արդեն 20 տարի է, ինչ Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բայց նախագահը չբավարարվեց դրանով. արդեն 3-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պետական պաշտոնական օրացույցում որպես հիշատակի օր է նշված»,–ասաց Լըմուանը:
Նրա խոսքով` այս հիշատակման արարողությունը ֆրանսիացիների երախտիքի արտահայտումն է բոլոր այն մարդկանց, որոնք հաստատվեցին ու իրենց ներդրումն ունեցան Ֆրանսիայի կյանքում։
Լըմուանը նշեց, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին թե՛ անցյալում դժվար պահերին, թե՛ ապագայում սպասվող բոլոր ծրագրերի դեպքում։
«Դրա վառ վկայությունն է Ֆրանսիայի նախագահի դատապարտող խոսքը վարձկանների վերաբերյալ, որոնք հավաքագրվել էին Սիրիայից և մասնակցում էին պատերազմին, դրան գումարած այն, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մյուսների հետ կոչով դիմեցին ռազմագերիներին շուտափույթ վերադարձնելու վերաբերյալ»,–ասաց Լըմուանը։
Նա հավելեց` ինչպես ասում էր աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը` «Նրանք ընկան երգ»-ի մեջ, նրանք ընկան, տանջվեցին, որոտը շանթահարեց, և նրանց մեղքն այն էր, որ նրանք Հայաստանի զավակներն էին։
Լըմուանը շեշտեց` այսօր հայ ժողովուրդն ամուր կանգնած է ոտքի վրա և ոչինչ չի կարողանալու խոչընդոտել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը:
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։
Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին