ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայկական կողմը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ հզոր բանակ կառուցել։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Երևանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ:
«Մեր տեսանկյունից` վերջին տասներկու տարիների ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումներն ամենահաջողվածներից են՝ բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինություններն օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ»,– ասել է Գրիգորյանը։
Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը ժամանակակից սպառազինություն կգնի և ումից։
«Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և ձեզ հայտնի է, թե որ երկիրն է առաջատար այս ոլորտում։ Միևնույն ժամանակ, մենք նախատեսում ենք հետագայում ևս ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,-ասել է ԱԽ քարտուղարը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ երկիրը բանակի բարեփոխում է իրականացնում Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո, օպտիմալացնում է բանակի թվակազմը, անցնում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի:
Մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմարդյունաբերությանը․ Ավինյանը՝ ԶՈւ բարեփոխումների մասին