«Սա միայն հայերի պայքարը չէ». Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի հանրապետական օրացույցում ընդգրկված Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -  Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Նամակը հրապարակվել է դեսպանատան Facebook-ի էջում։

«Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ»,–գրել է Մակրոնը:

Ճանաչում, դատապարտում, հատուցում. Ազատության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը. տեսանյութ

Նա նշել է, որ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել է իրեն ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։ «Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։

Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում

Նշենք, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումն ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Հիշեցնենք`այսօր  Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արա Այվազյանը։